Հայաստան

Օտարերկրացիները Հայաստանում հաշվառված ավտոմեքենայով խախտում կատարելու համար ևս կտուգանվեն սահմանին

2 րոպեի ընթերցում

Օտարերկրացիները Հայաստանում հաշվառված ավտոմեքենայով խախտում կատարելու համար ևս կտուգանվեն սահմանին

Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում հաշվառված ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական ակտը կստանան ու պարտավորությունները մարելու պարտականություն կունենան սահմանին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը: 

Փոխնախարարը հիշեցրեց գործող կարգավորումը. ներկայում, երբ օտարերկրացին ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցով կատարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, և դա արձանագրվում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով, ապա խախտման վերաբերյալ արձանագրությունն ու վարչական ակտը ուղարկվում է սահմանապահ ծառայություն: Անձը սահմանին ստանում է ծանուցումն ու մարում պարտավորությունները Հայաստանի հանդեպ:  

«Սակայն խնդիր ենք ունենում, երբ օտարերկրացիները նմանատիպ խախտում են իրականացնում ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցով: Հետագայում ակտն ուղարկվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, առավել շատ հանդիպում է վարձույթով տրվող մեքենաների դեպքում: Տեղեկացնում են, որ սեփականատերը չի եղել վարորդը, այլ վարորդը եղել է օտարերկրացին, և ակտն ուղարկվում է օտարերկրացու հաշվառման հասցեով իր ծագման երկիր»,-ասաց Ղազարյանը: 

Այս պարագայում պետբյուջեից իրականացվում է տարեկան մոտ 90 մլն դրամի ծախս, սակայն մարված ակտերը շատ չեն լինում: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով խախտում կատարելու դեպքում իրականացնել նույն վարչարարությունը, ինչ Հայաստանում չհաշվառված մեքենաների դեպքում: 

Նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովում, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում