Քաղաքականություն

Ղազախստանը հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի» նախագծին. Տոկաև

2 րոպեի ընթերցում

Ղազախստանը հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի» նախագծին. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ իր երկիրը հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոկաևն այս հայտարարությամբ է հանդես եկել Աստանայում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո լրատվամիջոցների համար արված ելույթում։

Տոկաևը բարձր գնահատեց հանդիպման արդյունքները՝ նշելով, որ քննարկումներն ընդգրկել են տնտեսական, ներդրումային և ոլորտային համագործակցության լայն շրջանակ։

«Մենք առանձնահատուկ կարևորություն տվեցինք փոխադարձ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հարցերին։ Պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել, որպեսզի ընդլայնվի առևտրաշրջանառությունն ու ապրանքացանկը»– նշեց նախագահ Տոկաևը՝ հավելելով, որ Ղազախստանը պատրաստ է դեպի Հայաստան արտահանումը հասցնել 350 միլիոն դոլարի։

Նրա խոսքով՝ կողմերը նպատակ ունեն իրականացնել համատեղ ներդրումային ծրագրեր և զարգացնել կապերը բիզնես համայնքների միջև։

Տոկաևն ընդգծեց նաև տրանսպորտային ու տրանզիտային հնարավորությունների կարևորությունը։ «Նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություն է ստեղծում ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը։ Ղազախստանն աջակցում է Հայաստանի նախաձեռնությանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին»,-ասաց Տոկաևը։ 

Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ երկիրը հետաքրքրված է նաև մասնակցելու TRIPP միջազգային նախագծին։ «Մենք ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIPP՝ Խաղաղության և բարգավաճման միջազգային «Թրամփի ուղի» նախագծին։ Այսպիսի նախաձեռնությունները, ինչպես Հյուսիս-հարավը և Միջին միջանցքը, համապատասխանում են երկու երկրների շահերին»,- շեշտեց նա։

Տոկաևի խոսքով՝ այս համագործակցությունը կարող է բացել մեծ հնարավորություններ երկու երկրների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում