Ուկրաինացի պատգամավորը հրապարակել է ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկի ենթադրյալ դրույթները

6 րոպեի ընթերցում

Ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է տեքստ՝ նշելով, որ դա ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ-ի՝ 28 կետից բաղկացած առաջարկն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էլեկտրոնային փաստաթղթի էջերը հրապարակվել են նրա Telegram ալիքում։ 

ԱՄՆ-ն առայժմ չի հաստատել այդ փաստաթղթի իսկությունը։

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ ամերիկյան ծրագիրը նախատեսում է Կիևի կողմից Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի փաստացի ճանաչում որպես ռուսական տարածքներ, որոշ տարածքների ապառազմականացված բուֆերային գոտու կարգավիճակի տրամադրում, սառեցված ռուսական ակտիվների մի մասի հատկացում Ուկրաինայի վերականգնմանը, իսկ մնացած սառեցված միջոցները կհատկացվեն ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերին: Ծրագիրը նաև նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացում, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակում և Ուկրաինայի ոչ միջուկային և չեզոք կարգավիճակ՝ Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքներով:

Ըստ հրապարակված տեքստի՝ 28 կետից բաղկացած փաստաթուղթը բաժանված է ինը բաժնի՝ «Ուկրաինայի անվտանգությունը և քաղաքական կարգավիճակը», «Տարածքային հարցեր», «Ռազմական պայմանավորվածություններ», «Տնտեսական բլոկը և Ուկրաինայի վերակառուցումը», «Ռուսաստանը գլոբալ համակարգում», «Մարդասիրական հարցեր», «Էներգետիկա և հատուկ օբյեկտներ», «Ներքին քաղաքական գործընթացներ Ուկրաինայում» և «Իրականացում և մոնիթորինգ»։ 

Առաջին բաժնում խոսվում է Ուկրաինայի ինքնիշխանության հաստատման և Կիևի կողմից ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու մասին, սակայն երկրի ոչ դաշինքային կարգավիճակի ամրագրման և Սահմանադրության մեջ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին կետ ներառելու պայմանով։ ՆԱՏՕ-ն, իր հերթին, պետք է հաստատի, որ Ուկրաինան երբեք չի դառնա դաշինքի անդամ, իսկ Ուկրաինան պետք է համաձայնի երկրի ոչ միջուկային կարգավիճակին։

Երկրորդ բաժինը սահմանում է, որ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը դե ֆակտո ճանաչվում են որպես ռուսական տարածքներ (այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից), մինչդեռ Խերսոնը և Զապորոժիեն «սառեցվում են շփման գծում»։ Ըստ փաստաթղթի՝ Դոնեցկի մարզի մի մասը կդառնա ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության ներքո, և երկու կողմերն էլ պարտավորվում են չփոխել սահմանները ուժով։

«Ռազմական պայմանավորվածություններ» բաժինը ներառում է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայում զորքերի տեղակայումից հրաժարվելը. ընդ որում, դաշինքի կործանիչները կտեղակայվեն Լեհաստանում: Բաժինը նաև անդրադառնում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև անվտանգության շուրջ երկխոսությանը և ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խմբի ստեղծմանը: 

«Ռուսաստանը իրավաբանորեն ամրագրում է Ուկրաինայի և Եվրոպայի դեմ չհարձակվելու իր քաղաքականությունը», - ասվում է բաժնի վերջին կետում:

ԱՄՆ-ի ծրագիրը, ըստ պատգամավորի հրապարակած տեքստի, նաև նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան կմեկնարկեն Ուկրաինայի վերակառուցման համար խոշոր ներդրումային փաթեթ, որի շրջանակում արտասահմանում գտնվող ռուսական ակտիվներից կբռնագրավվի 100 միլիարդ դոլար, որի եկամտի 50%-ը կստանա ԱՄՆ-ն: Եվրոպան կներդնի նույնքան գումար, իսկ մնացած ռուսական արգելափակված միջոցները կուղղվեն ԱՄՆ-Ռուսաստան համատեղ նախագծերին: Բացի այդ, կստեղծվի Ուկրաինայի զարգացման հիմնադրամ, և կկազմակերպվեն ներդրումներ ենթակառուցվածքների, ռեսուրսների և տեխնոլոգիաների ոլորտում:

Փաստաթուղթը նաև նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացում, երկրի վերադարձ «Մեծ ութնյակ» և ՌԴ-ի երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, ծրագիրը նախատեսում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում, քաղաքացիական անձանց և երեխաների վերադարձ, մարդասիրական ծրագրեր և ընտանիքների վերամիավորում, ինչպես նաև հանդուրժողականության վերաբերյալ կրթական ծրագրերի մեկնարկ։

«Զապորոժիեի ԱԷԿ-ը կգործարկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո, իսկ էլեկտրաէներգիան կբաշխվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 50/50 համամասնությամբ: Միացյալ Նահանգները կօգնի Ուկրաինայի գազային ենթակառուցվածքների վերականգնմանը», - նշված է 7-րդ բաժնում:

Բացի այդ, համաձայնագրի ստորագրումից 100 օր անց Ուկրաինայում պետք է անցկացվեն ընտրություններ, ինչպես նաև լիակատար համաներում հայտարարվի հակամարտության բոլոր կողմերի համար։ Ծրագիրը նաև ներառում է մի բաժին, որտեղ նշվում է, որ համաձայնագիրն իրավաբանորեն պարտադիր է և կհսկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած «Խաղաղության խորհրդի» կողմից։ Դրույթների խախտման համար նախատեսված են պատժամիջոցներ, իսկ ստորագրմանը պետք է հաջորդի անհապաղ հրադադար և զորքերի հետքաշում համաձայնեցված դիրքեր։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հաստատել է, որ ԱՄՆ-ն Կիևին է ներկայացրել իր նոր ծրագրի նախագիծը։ Ուկրաինայի վարչակազմը չի մանրամասնել դրա բովանդակությունը, միայն հայտնել է այն քննարկելու պատրաստակամության մասին։ 

Միացյալ Նահանգներ

Զելենսկին պատրաստ է աշխատել ամերիկյան առաջարկի շուրջ՝ ուղղված ՌԴ-ի հետ պատերազմի ավարտին

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում