Աշխարհ

Բրազիլիայում COP30-ի անցկացման վայրում հրդեհ է բռնկվել. մասնակիցները տարհանվել են

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայում COP30-ի անցկացման վայրում հրդեհ է բռնկվել. մասնակիցները տարհանվել են

Բրազիլիայի Բելեն քաղաքում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի (COP30) անցկացման վայրում հրդեհ է բռնկվել այն ժամանակ, երբ բանակցողներն արդեն պատրաստվում էին համաձայնագիր ստորագրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Համաժողովի բոլոր մասնակիցները տարհանվել են շենքից։ 

Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 20-ին, կեսօրից հետո, ցուցահանդեսային տաղավարներից մեկում։ Ծխից թունավորման պատճառով 13 մարդ բուժօգնության կարիք է ունեցել. նրանց օգնություն է ցուցաբերվել տեղում։ 

Ըստ հրշեջների՝ հրդեհի բռնկման պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է էլեկտրական սարքավորումը, հավանաբար, միկրոալիքային վառարանը։ Հրդեհը վերահսկողության տակ են վերցրել վեց րոպեի ընթացքում։ 

Նոյեմբերի 10-ից մինչև 21-ն անցկացվող համաժողովին մասնակցում է շուրջ 200 երկրի ներկայացուցիչ։ Բրազիլիան համաձայնագրի նախագիծ է կազմել, որով նախատեսվում է ընդլայնել կլիմայի փոփոխության հետ կապված ջանքերը, մեծացնել դրան ուղղված ֆինանսավորումը։ Քննարկումների գլխավոր թեմաներից մեկը եղել է հանածո վառելիքից հրաժարումը։  

COP30-ին մասնակցելու նպատակով Բրազիլիայում է գտնվում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում