Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանն ունի նոր ռեկտոր
2 րոպեի ընթերցում

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը նոր ռեկտոր ունի։ Կառավարությունը հաստատել է հոգաբարձուների խորհրդի ընտրության արդյունքները, ըստ որոնց՝ համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ծատուրյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարար Անդրեասյանը հիշեցրեց, որ մրցութային գործընթացը իրականացվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախկին օրենքի շրջանակում։ «Օրենքով ամրագրված է, որ հանրային բուհի ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրը ստորագրվում է հիմնադրի կողմից ընտրության արդյունքները հաստատվելուց հետո։ Վանաձորի պետական համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ուստի հաստատումը կատարվում է կառավարության կողմից»,-նշեց Անդրեասյանը։
Մրցույթին մասնակցել է երկու թեկնածու։ Հոգաբարձուների խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արմեն Ծատուրյանի օգտին քվեարկել է 13 անդամ, իսկ մյուս թեկնածուի օգտին՝ 5-ը։ Ծատուրյանը ընտրվել է 5 տարվա ժամկետով։
Կառավարության նիստում ելույթ ունեցավ նաև նորանշանակ ռեկտորը։
«Շնորհակալություն վստահության համար։ Կանեմ ամենը՝ Վանաձորի պետական համալսարանում աշխատանքները բարելավելու, կրթական գործընթացների որակը բարձրացնելու և բարեփոխումների օրակարգին համապատասխանելու համար»,-հայտարարեց Արմեն Ծատուրյանը։