Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ
2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհդարանում հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունից հայտնում են, որ երկուստեք անդրադարձ է կատարվել հայ և հույն ժողովուրդների բարեկամությանը, Հայաստանի և Հունաստանի միջև ըստ էության ռազմավարական համագործակցությանը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևոր նշանակությունը դրանում։
Կարևորվել է հայկական սփյուռքի կամրջող դերը Հայաստանի և իրենց կեցավայր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում, այդ թվում՝ Հունաստանում։
Տիգրան Մկրտչյանը ներկաներին մանրամասն ներկայացրել է Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի նշանակությունը, «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախագիծը, ինչպես նաև՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի դերն այդ համատեքստում։
ՀՀ դեսպանն ընդգծել է Հայաստանի հավատամությունը խաղաղության գործընթացին, ինչպես նաև անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի հանձնառությանը, ինչը կենսական նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանի համար։
Բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուն իր հերթին նշել է, որ Հայաստանի երկխոսությունը հարևանների հետ անչափ կարևոր է և իրենք հույս ունեն, որ Հայաստանին կհաջողվի բնականոն հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Բարեկամական խմբի քարտուղար էկատերինի Նոտոպուլուն կարևորել է սփյուռքյան կառույցների հետ համագործակցությունը, առաջարկել երիտասարդական համաժողովի անցկացում իր ընտրատեղամաս հանդիսացող Սալոնիկ քաղաքում։
Կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը և փոխադարձ, այդ թվում առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի կազմակերպումը։