Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը չի ազդի Կիևին տրամադրվող օգնության վրա. Ֆինլանդիայի ԱԳ նախարար
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում բռնկված կոռուպցիոն սկանդալը չի ազդի Ֆինլանդիայի կողմից օգնության վրա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։
«Մեր աջակցությունն Ուկրաինային, անշուշտ, չի թուլանա։ Բայց մենք որոշակիորեն ցանկանում ենք ավելի շատ զգուշություն դրսևորել, քան նախկինում էր. ոչ միայն մեր հարկատուների փողերի համար, ինչը, իհարկե, առաջնահերթություն է Ֆինլանդիայի արտգործնախարարի համար, այլև ուկրաինացի ժողովրդի համար», - ասել է Վալտոնենը նոյեմբերի 17-ին Էստոնիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա նաև կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանն Ուկրաինային ժամանակ չի տվել կոռուպցիայից զերծ հասարակություն ստեղծել անկախության կարճ ժամանակաշրջանում»։
Նախարարը նաև համաձայն չէ Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ, որը հայտարարել է, թե Եվրոպան պետք է ուղիղ բանակցություններ սկսի ՌԴ-ի հետ։ Նրա խոսքով, դեռ «շատ վաղ» է դա անելու համար։
«Իսկապես հնարավոր է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, եթե երևա, որ Ռուսաստանը շահագրգռված է խաղաղությամբ կամ վերադառնում է միջազգային իրավունքի հարգմանը», - ասել է Վալտոնենը՝ ընդգծելով հակառուսական պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությունը։
Օրերս Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել էր էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին։ Կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական են ներկայացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը և արդարադատության նախարար Հերման Հալուշչենկոն։ Ըստ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների՝ նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ընկերը, ներգրավված են եղել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմայում։ Ըստ նախնական գնահատականների՝ յուրացվել է շուրջ 100 միլիոն դոլար։