Եվրոպա

Լեհաստանում Ուկրաինա տանող երկաթուղային գծի վրա պայթյունը որակել են որպես «աննախադեպ դիվերսիա»

2 րոպեի ընթերցում

Լեհաստանում Ուկրաինա տանող երկաթուղային գծի վրա պայթյունը որակել են որպես «աննախադեպ դիվերսիա»

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը դեպի Ուկրաինա տանող երկաթուղային գծի վրա նոյեմբերի 16-ին տեղի ունեցած պայթյունը որակել է որպես «աննախադեպ դիվերսիա»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը: 

«Ցավոք, ամենավատ ենթադրությունները հաստատվեցին: Վարշավա-Լյուբլին հատվածում (Միկա գյուղ) տեղի է ունեցել դիվերսիայի գործողություն: Պայթուցիկ սարք է գործի դրվել, որը ոչնչացրել է երկաթուղային գիծը: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և դատախազությունը: Եվս մեկ վնաս է արձանագրվել նույն գծում՝ Լյուբլինի մոտ», - գրել է Տուսկը X սոցիալական հարթակում: 

Նոյեմբերի 16-ին երկու միջադեպ է տեղի ունեցել Վարշավա-Լյուբլին երթուղու վրա: Առավոտյան Միկա գյուղի մերձակայքում պայթյունի հետևանքով վնասվել է երկաթգծի հատվածներից մեկը: Մեքենավարն անհարթություններ է նկատել և այդ մասին զգուշացրել կարգավարին: Գնացքում եղել է երկու ուղևոր և անձնակազմի մի քանի անդամ: Ոչ ոք չի տուժել:

Այնուհետև երեկոյան նույն ուղղության վրա ևս մեկ միջադեպ է գրանցվել. էլեկտրագծի վնասման պատճառով վթարային կանգառ է կատարել 475 ուղևորի տեղափոխող գնացքը: 

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ զինված ուժերն ուսումնասիրում են դեպի լեհ-ուկրաինական սահման տանող երկաթգծի մնացած 120 կմ-անոց հատվածը: 

Լեհաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարը չի բացառել, որ դիվերսիայի հետևում կանգնած են օտարերկրյա հետախուզական ծառայությունները: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում