Մյունխենում մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են Գուրգեն Հակոբյանի աշխատանքները
2 րոպեի ընթերցում

Գերմանիայի Մյունխեն քաղաքում բացված Ժամանակակից մեդալային արվեստի միջազգային ցուցահանդեսին (FIDEM XXXVIII) ներկայացվել են մեդալագործ Գուրգեն Հակոբյանի աշխատանքները։ Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել ավելի քան 30 երկրի 350 արվեստագետ։ Ներկայացված 500 աշխատանքն ամբողջացված է «Մեր առասպելները՝ մեր արմատները» խորագրի ներքո: Աշխարհի տարբեր երկրներից ցուցադրված աշխատանքներն ընդհանուր երկխոսության մեջ են՝ արտացոլելով նաև ինքնատիպ բազմազանություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գուրգեն Հակոբյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացրել է երկու աշխատանք։

«Մեդալները, որոնք ներկայացրել եմ Մյունխենի ցուցահանդեսին, կոչվում են «Դիցաբանական երազ»։ Աշխատանքները որոշակի իմաստով համապատասխան են ցուցահանդեսի խորագրին։ Այլաբանական, առասպելական և այժմյան կերպարների համադրությունը զուգահեռված է մեդալի փոքր մակերեսի վրա՝ հաղորդելով անցյալի առերեսումը ներկայի հետ»,-ասաց Գուրգեն Հակոբյանը։

FIDEM-ը միջազգային մեդալագործական ֆեդերացիա է, որը երկու տարին մեկ տարբեր երկրներում կազմակերպում է կոնգրես և ցուցահանդես: Գուրգեն Հակոբյանը FIDEM-ի անդամ է ու ներկայացուցիչն է Հայաստանում: Գուրգեն Հակոբյանն ունի մեդալագործական արվեստում ստեղծագործություններ՝ նվիրված հայ կոմպոզիտորներին՝ Էդուարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան և այլք:

Մյունխեն քաղաքում բացված ժամանակակից մեդալային արվեստի միջազգային ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2026 թվականի հունվարի 25-ը։
