Քաղաքականություն

Ընդդիմությունն ասում էր՝ ՀՀ-ի համար ապաշրջափակում չի լինելու, հիմա քննարկում են ներկրված ցորենի որակը. Ռուբինյան

2 րոպեի ընթերցում

Ընդդիմությունն ասում էր՝ ՀՀ-ի համար ապաշրջափակում չի լինելու, հիմա քննարկում են ներկրված ցորենի որակը. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսուն է համարում այն հանգամանքը, որ ընդդիմությունը հիմա քննարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ցորենի որակը, իսկ նախկինում թերահավատ էին, ասում էին, թե Հայաստանի համար ապաշրջափակում չի լինելու: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմությունից հնչող քննադատություններին, որ Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն է ներկրվել: 

«Ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր՝ սա միակողմանի ապաշրջափակում է, և Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու, Հայաստանը մնալու է շրջափակման մեջ, Հայաստանը միակողմանի զիջումներ է արել, միայն Ադրբեջանի համար է ապաշրջափակում լինելու: Իսկ հիմա իրենք քննարկում են, թե ցորենը որ կարգի է: Սա, կարծում եմ, արդեն խոսուն է»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով ցորենի որակին՝ նա նշեց, որ չի կարծում, թե որևէ անհատ ձեռներեց կցանկանար ներկրել ցորեն, որն իր նպատակին չի ծառայում: ԱԺ փոխնախագահը հարցրեց՝ ընդդիմությունը ռուսական ցորենի հետ կապված ի՞նչ է ասում, որակն իրենց բավարարո՞ւմ է:

Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ 

Դրանից առաջ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը՝ կրկին շուրջ 1000 տոննա։  

Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի ներկրմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն է հանել բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տարանցման համար։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում