Երևանում անցկացվեց փախստականների ներհոսքին արձագանքելու ԵԽ միջոցառումների փաթեթի շուրջ քննարկում
9 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի համալիր փաթեթի իրականացման շուրջ երկխոսությունը, որի նպատակն է ձեռք բերված առաջընթացի գնահատումը, ինչպես նաև հետագա քայլերի քննարկումն ու իրականացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդն աջակցում է տեղահանված անձանց, խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությանը, փախստականների ընդունող համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատություններին, առողջապահության մատչելիության ապահովմանը, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրմանը։ Փաթեթի շրջանակներում աջակցությունը իրականացվում է 4 նոր ծրագրի և երկու ընթացիկ ծրագրերի միջոցով։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, ԵԽ ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և այլք։
ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ այս հանդիպումը կարևոր հնարավորություն է տալիս համատեղ գնահատելու արձանագրված առաջընթացը, գնահատելու համատեղ ջանքերի ազդեցությունը և բացահայտելու մնացած կարիքները։

«Համապարփակ արձագանքման փաթեթը մշակվել և ներառվել է գործողությունների ծրագրում որպես պահանջարկի վրա հիմնված ճգնաժամային կառավարման նախաձեռնություն՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների ներհոսքի, որը տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին: Պաշտոնապես մեկնարկելով 2024 թվականի ապրիլին՝ այն դարձել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանին ժամանակին, նպատակային և գործնական աջակցության անկյունաքարը: Մինչ միջազգային հանրությունը արդարացիորեն գնահատել է Հայաստանի իշխանությունների կարողությունը՝ ընդամենը մեկ շաբաթում ընդունելու և տեղավորելու ավելի քան 100,000 փախստականի, այս իրավիճակը հսկայական ճնշում է գործադրել ազգային հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ծառայությունների վրա: Արձագանքման փաթեթը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի մշտական ներկայացուցչության միջև սերտ խորհրդակցության արդյունքներով: Այս համագործակցությունը ապահովել է, որ նախաձեռնությունը համապատասխանի ազգային առաջնահերթություններին և լրացնի այլ միջազգային գործընկերների ջանքերը: Համապարփակ արձագանքման փաթեթով Հայաստանը կարևոր աջակցություն է ստացել այս աննախադեպ ռազմական ճգնաժամից բխող ինչպես անհապաղ, այնպես էլ միջնաժամկետ կարիքները լուծելու համար, աջակցություն, որը խորապես գնահատվել է Հայաստանի կառավարության կողմից»,-նշեց Սամվել Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ Համապարփակ արձագանքման փաթեթի հիմնական ուժեղ կողմը եղել է դրա բազմաչափ մոտեցումը, քանի որ նպատակային և ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրվել հիմնական ազգային մարմիններին, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։
Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխն ընդգծեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանը մարդասիրական ճգնաժամի առերեսվեց, երբ 100 հազարից ավելի փախստականներ մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղից եկան Հայաստան։

«Հայաստանի իշխանությունները և տեղական համայնքները շատ արագ արձագանքեցին՝ չնայած նշանակալի ճնշմանը, որը կար հաստատությունների վրա։ Եվ միջազգային հանրությունը ևս օգնեց նրանց․ բազմաթիվ երկրների դեսպաններ մոբիլիզացրեցին մարդասիրական օգնություն, ՄԱԿ-ի տարբեր կառույցները համապատասխան մեխանիզմները գործարկեցին։ Եվրոպայի խորհուրդը միացավ այս ջանքերին։ Մենք մարդասիրական կամ հումանիտար կազմակերպություն չենք, բայց մենք քննարկեցինք հարցը և եկանք այն եզրակացության, որ այստեղ ունենք կարևորագույն դեր՝ ապահովելու, երաշխավորելու այս փախստականների մարդու իրավունքները»,-շեշտեց Կլաուս Նոյկիրխը։
Պաշտոնյայի բնորոշմամբ՝ քննարկվող փաթեթը Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի մաս է կազմում։ Նա նշեց, որ գործողությունների ծրագրի շրջանակներում արդեն կար 2 ծրագիր, իսկ հետո սկսել են լրացուցիչ 4 ծրագիր, որոնք կոնկրետ ուղղված էին փախստականների ճգնաժամների հասցեագրմանը։
Ողջույնի ելույթներից հետո սկսվեց պանելային քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները և դրանց լուծման համար իրականացված աշխատանքները, ինչպես նաև ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանված հայերի աջակցության տարբեր ծրագրերը՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո։
ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարեց 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ հայության բռնի տեղահանմանը և այդ օրերին ՀՀ պետական գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքներին։

«Եթե այդ ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին, մենք ունենայինք բնակչության վերաբերյալ հավաստի տվյալներ, որոնց հետ մենք կկարողանայինք աշխատել, առաջին իսկ օրվանից, միգուցե բնակչության հաշվառումը չլիներ այդքան կենսական, ժամանակի և ռեսուրսի օգտագործում և սպառում անհրաժեշտ չլիներ դրա համար, բայց ես ցանկանում եմ շեշտադրել այդ աշխատանքը, որ կատարվել է հաշվառման մասով, որովհետև առանց դրա առաջին օգնությունը հնարավոր չէր լինի նման կարճ ժամանակում ցուցաբերել տեղահանված բնակչությանը»,-ասաց Ղազարյանը։
ՆԳ փոխնախարարի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին այդ ցավալի իրադարձությունների ժամանակ շատ մեծ է եղել ծանրաբեռնվածությունը գրեթե բոլոր պետական գերատեսչությունների, մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների վրա։
«Մենք գիտենք, որ դա ծանր հոգեբանական ազդեցություն ունեցավ նաև գերատեսչությունների աշխատակիցների վրա, բայց այս ամենի մեջ կարևորն այն էր, թե ինչ առաջին ռեակցիա կստանան տեղահանված անձինք։ Թե՛ հասարակական կազմակերպությունների գործընկերները, թե՛ պետական գերատեսչությունների գործընկերներն առնվազն առաջին արձագանքի մասով կարողացել են ապահովել համապատասխան ընդունելություն»,-շեշտեց Արմեն Ղազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ բազմաթիվ խնդիրներ են եղել, սակայն հենց նույն Եվրոպայի խորհրդի հետ գործընկերությամբ հնարավոր է եղել ստեղծել, օրինակ, զանգերի կենտրոնը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, որը կարողանում էր արագ և նորմալ արձագանք տալ մարդկանց խնդիրներին։ Նրա խոսքով՝ այդ կենտրոնը ներկայում արդեն ծառայում է ամբողջ Հայաստանի բնակչությանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը ևս անդրադարձ կատարեց ԼՂ-ից Հայաստան եկած հայերին ցուցաբերվող աջակցության ծրագրերին։

Նրա բնորոշմամբ՝ պետական բոլոր մարմիններն առաջին իսկ օրվանից շատ համախմբված կերպով արձագանքել են ԼՂ-ից մարդկանց հոսքին։
«Կարծում եմ, որ ներկաներից շատերը առիթ են ունեցել այդ օրերին գետնի վրա աշխատել և դիմավորել մեր հայրենակիցներին, և դա միակ բանն էր, որ կարող էր անել պետությունն այդ պահին։ Իհարկե, այդ աշխատանքներին հաջորդեցին պետական միջոցառումները, որոնք շատ արագ կարողացանք կազմակերպել, և մեր նախարարությունը միանվագ աջակցության, իսկ հետո արդեն պարբերական աջակցության, դրամական աջակցության սխեմաներով կարողացավ առաջին արձագանքը ապահովել՝ մեղմելով մարդկանց առաջնային խնդիրները»,-ասաց փոխնախարարը։
