Մերձավոր Արևելք

Հութիները դադարեցրել են հարձակումներն Իսրայելի և Կարմիր ծովով անցնող նավերի վրա

2 րոպեի ընթերցում

Հութիները դադարեցրել են հարձակումներն Իսրայելի և Կարմիր ծովով անցնող նավերի վրա

Եմենի հութիները վստահեցրել են, որ ներկայում հարվածներ չեն հասցնում Իսրայելին և իսրայելական նավերին, բայց պատրաստ են վերսկսել գրոհները Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը. եթե թշնամին վերսկսի ագրեսիան Գազայի հատվածում, ապա մենք կվերսկսենք մեր ռազմական գործողություններն Իսրայելում և կվերականգնենք իսրայելական նավագնացության նկատմամբ արգելքը Կարմիր և Արաբական ծովերում», - ասվում է հութիների գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Յուսուֆ Հասան ալ Մադանիի՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին հասցեագրված նամակում։

Գործակալությունը նշում է, որ մինչև այժմ հութիները պաշտոնապես չեն հայտարարել Իսրայելի դեմ իրենց արշավը դադարեցնելու մասին։

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների մեկնարկից հետո Եմենի հութիներն ակտիվացրին գրոհները տարածաշրջանում, մասնավորապես, թիրախավորելով Կարմիր ծովով և Բաբ էլ Մանդեբի նեղուցով նավարկող նավերը։

2025 թ. հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի իշխանությունները և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի հատվածում հակամարտության կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում