Գեղամասար-Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում արդեն ավարտվել են Հ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գեղամասար-Վարդենիս հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2025 թվականի օգոստոսից՝ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Գեղամասար-Վարդենիս ավտոճանապարհի 18,9 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 889 միլիոն 800 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Ծրագրի իրականացման արդյունքում ֆրեզման միջոցով հեռացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին հին շերտը և տեղադրվել նոր շերտ՝ 142 հազար 800 քմ մակերեսով։ Կատարվել է նաև գծանշում։
Ֆրեզված ասֆալտի հումքը տրամադրվել է համայնքի բնակավայրերին՝ երկրորդական նշանակության ճանապարհները, դպրոցների, մանկապարտեզների, հանրային նշանակության այլ կառույցների բակային տարածքները կամ մոտեցնող ճանապարհները նորոգելու նպատակով։
Գեղամասար-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների արդյունքները տեղում մշտադիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։