Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր համբարձումյան փողոցում արդեն ավարտվում են ճանապարհաշինական աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վիկտոր Համբարձումյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 303 միլիոն 102 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ճանապարհի 1867 գծամետր ասֆալտապատում, միակողմանի մայթի և ջրահեռացման համակարգի կառուցում երկաթբետոնե խողովակներով, ինչպես նաև փողոցի կահավորում և գծանշում։ Ճանապարհի երթևեկելի մասը ասֆալտապատվել է 19 հազար 635,8, միակողմանի մայթը՝ 2507 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի վերջերից, փողոցով անցնող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքների պատճառով ընդհատվել 2024 թվականին ու վերսկսվել 2025 թվականին։ Առաջիկա օրերի ընթացքում այստեղ կավարտվեն նաև գծանշման աշխատանքները։
Օրերս Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում իրականացված հիմնանորոգման աշխատանքները մշտադիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։