Tesla-ի բաժնետերերը հաստատել են Իլոն Մասկի աշխատավարձային փաթեթը՝ 1 տրիլիոն դոլարի չափով
2 րոպեի ընթերցում
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ստացել է ռեկորդային աշխատավարձային փաթեթ, որը կարող է արժենալ գրեթե 1 տրիլիոն դոլար։ Սա հաստատվել է ընկերության բաժնետերերի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Աննախադեպ առաջարկը հաստատվել է ձայների 75%-ով՝ ընկերության տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ։
Մասկը, որ արդեն իսկ աշխարհի ամենահարուստ մարդն է, պետք է առաջիկա 10 տարվա ընթացքում մեծապես բարձրացնի էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերության շուկայական արժեքը։ Եթե նա կարողանա դա անել և հասնի առաջադրված տարբեր նպատակներին, ապա նա կպարգևատրվի հարյուր միլիոնավոր նոր բաժնետոմսերով։
Հնարավոր վճարման մասշտաբները քննադատության առարկա են դարձել, սակայն Tesla-ի տնօրենների խորհուրդը դա բացատրել է նրանով, որ փաթեթի չհաստատման դեպքում Մասկը կարող է հեռանալ ընկերությունից, իսկ ընկերությունը չի կարող իրեն թույլ տալ կորցնել Մասկին։
Աշխատավարձային փաթեթի հաստատումից հետո Մասկը բեմ է բարձրացել և հայտարարել է, որ այժմ Tesla-ի ապագայի համար սկսվելու է «ոչ միայն նոր գլուխ, այլև մի ամբողջ նոր գիրք»։
Իր վարձատրությունը մեծացնելու համար Մասկը պետք է հաջորդ տասնամյակում հասնի որոշ նվաճումների, այդ թվում՝ Tesla-ի շուկայական արժեքը հասցնի 8,5 տրիլիոն դոլարի ներկայիս 1,4 տրիլիոն դոլարից։ Նա նաև պետք է առևտրային շահագործման մեջ դնի մեկ միլիոն ինքնագնաց Robotaxi մեքենաներ։