«Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություններն ունեն շատ ընդհանրություններ․ Վան Սյաոցյուան

5 րոպեի ընթերցում

Հայաստանը մշտապես եղել է արևելյան ու արևմտյան քաղաքակրթությունների խաչմերուկում։ Քաղաքակրթությունների ներդաշնակության գործոնն ընկած է նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հիմքում, հետևաբար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները հրաշալի կերպով ներդաշնակվում են։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը «Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովում հայտնեց ՉԺՀ Հասարակական գիտությունների ակադեմիայի «Մեկ գոտի, մեկ ուղի» հետազոտական կենտրոնի գլխավոր քարտուղար Վան Սյաոցյուանը։  

Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարում Հայաստանն ու Չինաստանն ընդունեցին համատեղ հայտարարություն ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին, որում հստակ ամրագրված է այն իրողությունը, որ Հայաստանն առաջինների թվում մեծ ներդրում է ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման գործում և պատրաստ է ակտիվորեն ներդաշնակել վերոհիշյալ նախաձեռնությունը «Խաղաղության խաչմերուկ»-ի հետ։ 

«Ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին երկու նախագծերի շրջանակում զարգացող համագործակցությունը նպաստում է ոչ միայն տարածաշրջանի տնտեսական ինտեգրացիային, այլև խաղաղության հաստատմանն ու մշակութային կապերի խորացմանը հարավկովկասյան տարածաշրջանում։ Նշված երկու նախագծերի համակցման առումով շատ կարևոր է համագործակցություն իրականացնել իրավահավասարության սկզբունքով։ Հավասարությունը ենթադրում է այնպիսի գործոնների հաշվառում, ինչպիսիք են սուվերենության ճանաչումն ու փոխադարձ շահերի ընկալումը, ինչպես նաև գործողությունների փոխշահավետության գիտակցումը»,- ասաց Սյաոցյուանը։ 

Նրա կարծիքով՝ բազմակողմ համագործակցությունը նախընտրելի է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու անվտանգային, հումանիտար առումներով։ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ըստ փորձագետի, նպատակ ունի Հայաստանը վերածել տարածաշրջանային հանգույցի, իսկ Չինաստանը նպատակադրվել է մինչև 2029 թվականը մեծացնել Տրանսսիբիրյան միջազգային միջանցքի թողունակությունը, ուստի Հայաստանը կարող է ինտեգրվել այդ միջանցքին տարածաշրջանային ցանցի ձևավորման միջոցով։  

«Գերարդիական ճանապարհը կարող է Երևանը կապել Բաթումիի հետ, իսկ ապագայում կարելի է կառուցել երկաթուղի, որը կկապի Երևանն ու Թեհրանը։ Կենտրոնական Ասիայով անցնող երկաթուղիները կարող են նշված տարածաշրջանն ու Հարավային Կովկասը միացնել Չինաստանի հետ, ինչը կլինի եվրասիական մեծ միջանցք։ Դա հավակնոտ ծրագիր է, բայց դրա կառուցման համար կան իրական նախադրյալներ։ Տրանսպորտային կապուղիները նախևառաջ պետք է ծառայեն առևտրատնտեսական համագործակցությանը։ Հայաստանն ու Չինաստանը կարող են համատեղ մշակել փոխշահավետ ծրագրեր մի շարք ոլորտներում՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը։ Չինաստանը կարող է կիսվել շատ բնագավառներում ունեցած իր առաջադիմական փորձով՝ սկսած թվային տեխնոլոգիաներից, վերջացրած կանաչ էներգետիկայով»,- նշեց Սյաոցյուանը։ 

Նա հավելեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու և հետագայում անդամակցելու ցանկություն է հայտնել, մյուս կողմից էլ ներկայացրել է ՇՀԿ անդամ դառնալու հայտ։   

«Հայաստանի դիվանագիտությունն այդ առումով տպավորիչ է, քանի որ միտված է Չինաստանի հետ ռազմավարական կապերի հաստատմանն ու Ռուսաստանի հետ կապերի լավարկմանը։ Այդ ամենը վկայում է Հայաստանի արտաքին համագործակցության թափանցիկության և հավասարակշռվածության մասին, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ինտեգրման համար «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության և ավելի լայն իմաստով՝ եվրասիական համագործակցության համատեքստում»,- եզրափակեց չինացի փորձագետը։    

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ