2 րոպեի ընթերցում
Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում բացվել է «Լուսե» մսուր-մանկապարտեզը։ Բացման արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է վահրամաբերդցիներին մանկապարտեզի բացման առթիվ՝ ընդգծելով, որ երկար սպասված այս նախաձեռնությունը միավորել է համայնքի բնակիչներին։
«Վերջին շրջանում Ախուրյանի տարբեր բնակավայրերում մի շարք մանկապարտեզների բացման ենք մասնակցել։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատանքի լավագույն արդյունքն այս օրերն են, երբ կարողանում ենք մեր երեխաներին պարգևել այն, ինչին իրենք արժանի են։ Նորակառույց մանկապարտեզներ, դպրոցներ հաճախելու են այն երեխաները, որոնք կառուցելու են մեր վաղվա Հայաստանը»,-նշել է մարզպետը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Վահրամաբերդի «Լուսե» մսուր-մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով։ Երկու փուլով իրականացված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 97 մլն դրամ, իսկ ևս մեկ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել է բակը՝ 17 մլն դրամի չափով։ Ծրագրերի ֆինանսավորման 70 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ համայնքը։
Մոտ 400 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար։ Կառավարության հատկացրած միջոցներով այն կահավորվել է նոր գույքով և ապահովվել է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով։