Հայաստան

ՀԾԿՀ-ն մեկ ամսվա ընթացքում կամփոփի ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի քննությունը

2 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ն մեկ ամսվա ընթացքում կամփոփի ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի քննությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև նոյեմբերի 18-ը կամփոփի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի քննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում այս մասին հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

ՀԾԿՀ նախագահն անդրադարձավ նաև ընդդիմադիր դաշտից հնչող մտավախություններին, թե ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումը կարող է էլեկտրամատակարարման համակարգում խնդիրներ առաջացնել:

«Դիտարկվող ժամանակահատվածում՝ այս չորս ամիսների ընթացքում, որևէ արտառոց իրավիճակ՝ կառավարման, տեխնիկական սպասարկման հետ կապված, ՀԷՑ-ը չի արձանագրել»,- ասաց Մեսրոպյանը:

ՀԷՑ-ի դեմ վարչական վարույթը հարուցվել է 2025 թվականի հուլիսի 18-ին՝ ուսումնասիրելու էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերը։ Նույն օրը, ՀԾԿՀ նախագահի կողմից, Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ: 

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացի շրջանակներում, ինչի անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր» ընկերությունների խումբն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում