Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ոռոգման համակարգ է կառուցվում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում  ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Ակունք գյուղի ոռոգման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 149 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի կառուցում Ակունքի փողոցներում՝ երկաթբետոնե կիսախողովակներով, 2730 գծամետր երկարությամբ։ 

Ծրագրի իրականացման արդյունքում 2026 թվականի  ոռոգման սեզոնին նորակառույց առուներն առանց կորստի ջուր կհասցնեն 930 տնտեսության տնամերձ հողամասեր:

«Ոռոգման հին համակարգը, որը սկսվում է Գառնիկ Խաչատրյան փողոցից, անցնում 9-րդ փողոցով ու ավարտվում  Զորավար Անդրանիկ  փողոցի վերջնամասում, խարխլված, ջարդված վիճակում էր: Հողային շերտով էր ջուրը գնում, որն ահռելի մեծ քանակությամբ կորուստներ էր տալիս:Կարտոֆիլի ցանքատարածություններ են շուրջբոլորը: Ոռոգման ցանցը նպաստելու է, որպեսզի գյուղացիներն առավել ևս շատ կարողանան մշակել հողատարածքները: Եթե եղանակային պայմանները չխոչընդոտեն, ոռոգման համակարգի շինարարությունը կավարտվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացում»,-ներկայացրեց Նիկոլա Խաչատրյանը: 

Ներկայում շինարարական աշխատանքներն ավարտված են շուրջ 80 տոկոսով։

Հայերեն