Սանտե բանտի երկու կալանավորների կդատեն Սարկոզիի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար
3 րոպեի ընթերցում

Փարիզի Սանտե բանտի երկու կալանավորներ կդատվեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին սպառնալու համար: Հնգամյա ազատազրկման դատապարտված Սարկոզին հոկտեմբերի 21-ից գտնվում է նույն բանտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Նրա բանտարկության առաջին իսկ օրը սոցցանցում հայտնվել է Սանտե բանտի մեկ այլ խցում նկարահանված տեսանյութ, որում կալանավորներից մեկը բազմիցս սպառնում է սպանել Սարկոզիին՝ օգտագործելով «լավ ժամանակ չի լինելու» և «մենք վրեժխնդիր կլինենք Քադաֆիի համար՝ մեզ ամեն ինչ հայտնի է, Սարկո» արտահայտությունները։ Խուցն արդեն խուզարկվել է, հայտնաբերվել է երկու հեռախոս: Երեք բանտարկյալների նկատմամբ սահմանվել է խիստ հսկողություն: Նրանցից երկուսը հոկտեմբերի 24-ին կկանգնեն դատարանի առջև:
Կալանավորներից մեկին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք՝ տեսանյութի միջոցով կյանքին սպառնալու, ինչպես նաև մինչև հինգ տարվա լրացուցիչ պատժաչափ՝ բանտում անօրինական կերպով բջջային հեռախոս ձեռք բերելու և օգտագործելու համար։
Երկրորդ կալանավորին ներկայացվել է կյանքին սպառնալիք պարունակող տեսանյութի հրապարակման և դրա նկարահանման համար սեփական հեռախոսը տրամադրելու մեղադրանք: Դրա համար նույնպես նախատեսված է մինչև 3 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք: Նա մեղադրվում է նաև անօրինական ճանապարհով բջջային հեռախոս ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև նախնական քննության ընթացքում հեռախոսի գաղտնաբառերը չբացահայտելու համար (ևս երեք տարվա ազատազրկում ու 270 հազար եվրոյի տուգանք):
Բանտում Սարկոզիին շուրջօրյա հսկում են երկու ոստիկաններ, որոնց ներկայությունն առաջացրել է այնտեղի հսկիչների և մյուս կալանավորների դժգոհությունը:
Սեպտեմբերի 25-ին դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահին մեղավոր էր ճանաչել այսպես կոչված «լիբիական գործ»-ով՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ: Հետաքննությունը տևել էր ավելի քան 10 տարի: Դատարանը քարոզարշավի ֆինանսավորման մեջ որևէ անօրինականություն չէր գտել, սակայն Սարկոզիին մեղավոր էր ճանաչել նրանում, որ նա իր կողմնակիցներին արտոնել էր, հանդես գալով իր անունից, ֆինանսական աջակցություն ստանալ Լիբիայից, ինչպես նաև դիտարկել էր դիվանագիտական պատասխան միջոցների մասին հարցը: