Հայաստանը՝ զբոսաշրջային հաղորդակցության կենտրոն. Երևանում մեկնարկել է Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումը

7 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է  Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումը (World Tourism Communication Forum: 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝  երկու օր շարունակ  «Tourism Talks: Connecting People, Places, and Perspectives» խորագրով միջազգային հարթակը  հյուրընկալել և միավորել է ոլորտի համաշխարհային առաջնորդներին, քաղաքականություն մշակողներին և հաղորդակցության մասնագետներին՝ ուսումնասիրելու, թե ինչպես է ռազմավարական հաղորդակցությունը ձևավորում զբոսաշրջության ապագան։  

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց՝ այսօր հավաքվել են՝ միասին քննարկելու, մտածելու, թե ինչպե՞ս կարելի է հաղորդակցության և մարդկային կապերի միջոցով ձևավորել զբոսաշրջային ապագան։  

«Ձեր ներկայությունն այստեղ խոսում է առաջին հերթին Հայաստանի հանդեպ աճող հետաքրքրության, վստահության և գործընկերային պատրաստակամության մասին։ Դա միաժամանակ և՛ գնահատանք է, և՛ պարտավորություն՝ շարունակել կառուցել ավելի հասանելի, ավելի հյուրընկալ և ավելի կայուն միջավայր մեր երկրի այցելուների համար։ Այսօր հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանակում չէ, այն ավելին է, և զբոսաշրջային հաղորդակցությունն ու բրենդավորումը, ըստ էության, ձևավորում են այն պատկերը, որով աշխարհը տեսնում և ընկալում է յուրաքանչյուր երկիր՝ որպես առանձնահատուկ զբոսաշրջային ուղղություն։ Այս գործընթացում, իհարկե, մեդիան ունի հզոր ազդեցություն և կարող է փոխել ցանկացած երկրի վերաբերյալ կարծրատիպերը, ցույց տալ իրական արժեքները և բացել նոր հնարավորություններ։ Արդյունքում զբոսաշրջիկն ուղղակի ընտրում է այն պատմությունը, որի մի մասը ինքն ուզում է դառնալ»,- նշեց նախարարը: 

Պապոյանն ընդգծեց՝ Հայաստանն իր հազարամյա մշակութային ժառանգությամբ, անկրկնելի բնությամբ և անկեղծ հյուրընկալությամբ անթիվ ու բազմազան պատմություններ ունի ներկայացնելու  հյուրերին. «Մեր նպատակն է դրանք պատմել աշխարհին ժամանակակից հաղորդակցական գործիքներով, թվային հարթակներով և, իհարկե, բազմակողմ համագործակցությամբ։ Զբոսաշրջությունը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է։ Այն ոչ միայն խթանում է տնտեսական աճը, այլ նաև նպաստում է ներառական զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և, իհարկե, մեր մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը։ Մենք հավատում ենք, որ արդյունավետ հաղորդակցությունը, ճիշտ բրենդավորումը, մեդիայի ուժն ու միջմշակութային կապերը  միասին ձևավորում են կայուն զբոսաշրջային ապագա»,- ասաց Պապոյանը:

Նախարարը  հույս հայտնեց,  որ այս ֆորումը կդառնա արդյունավետ հարթակ գիտելիքի, փորձի և գաղափարների փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների մեկնարկի համար։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն էլ նշեց՝ այս ֆորումի միջոցով Հայաստանը նպատակ ունի ընդգծել հաղորդակցության առանցքային դերը՝ վստահության, ներգրավվածության և կայուն զբոսաշրջային զարգացման խթանման գործում: 

«Զբոսաշրջության համաշխարհային հաղորդակցության ֆորումը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանում հաղորդակցության և խաղաղության խաչմերուկի նախաձեռնող։ Մենք հրավիրել ենք միջազգային հյուրերի, զբոսաշրջության, քաղաքական և տարբեր ոլորտների մասնագետների՝ քննարկելու այն հիմնական հարցերը, որոնք ֆորումի ընթացքում կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս։ Այս հարցերը կդրվեն սեղանին՝ նպատակ ունենալով գտնել գործնական լուծումներ: Մենք բոլոր պանելային քննարկումներում կարմիր թելի պես տանում ենք այն թեմաները, որոնք առնչվում են տարածաշրջանային համագործակցությանը, խաղաղությանը և հաղորդակցությանը»,- ասաց  Զբոսաշրջության կոմիտեի նախագահը: 

Գևորգյանն  ուրախությամբ նշեց,  որ ֆորումին մասնակցում են բարձր մակարդակի հյուրեր Հունաստանից, Իրանից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից, ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UN Tourism) ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկերներ Վրաստանից։ Ըստ նրա՝ սա վկայում է, որ Հայաստանը իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա: 

Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշեց, որ ֆորումը Հայաստանում անցկացնելը շատ խորհրդանշական է, քանի որ այն համարվում է տարածաշրջանի «չբացահայտված գանձերից մեկը»։ 

Դեսպանն ընդգծեց, որ զբոսաշրջությունը Եվրոպական միությունում համարվում է տնտեսական զարգացման առանցքային ուղղություն՝ ապահովելով ԵՄ աշխատատեղերի շուրջ 10 տոկոսը և հսկայական հավելյալ արժեք։ Ըստ նրա՝ զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական զարգացման շարժիչ ուժն է, որը կապում է մարդկանց և մշակույթները:    

Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավարը նշեց, որ ոլորտը միաժամանակ բախվում է մարտահրավերների՝ սեզոնայնությունից մինչև կլիմայական փոփոխություններ և աշխարհաքաղաքական անկայունություն։ Նրա խոսքով՝ ԵՄ-ում այս պահին մշակվում է առաջին համաեվրոպական զբոսաշրջային ռազմավարությունը, որի մշակման գործընթացում Հայաստանը նույնպես ունի իր ներդրումը։ 

«Հայաստանն ունի զբոսաշրջային մեծ ներուժ, և մենք բարձր ենք գնահատում Հայաստանի զբոսաշրջային ռազմավարությունը 2026-2030 թվականների համար։ Եվ կարող եմ ասել, որ այդ ռազմավարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է և լիովին համահունչ է ԵՄ-ի հետ նոր գործընկերային օրակարգին»,-ասաց Մարագոսը։ 

ԵՄ առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի տարբեր նախաձեռնություններին՝ նորարարական զբոսաշրջության, կրթության և համայնքային զարգացման ուղղություններով։ Մարագոսի խոսքով՝ ԵՄ-ն վերջին տարիներին աջակցել է ավելի քան 80 տեղական նախաձեռնության, որի արդյունքում ստեղծվել է շուրջ 200 աշխատատեղ։

Նա որպես օրինակ նշեց Գյումրիում «Թումո»-ի հետ համատեղ իրականացվող խոհանոցի դպրոցի հիմնադրումը և Սյունիքում իրականացվող համայնքային ծրագրերը, որոնք միտված են տարածաշրջանի տնտեսական ակտիվացմանը։ 

Մարագոսը հավելեց, որ ԵՄ-ն կարևորում է նաև Հայաստանի և ԵՄ երկրների միջև մարդկանց կապերի խորացումը, այդ թվում՝ վիզային դյուրացումների գործընթացի միջոցով։ «Մեր նպատակը փոխադարձ շփումների ընդլայնումն է, որպեսզի ավելի շատ եվրոպացիներ այցելեն Հայաստան, և ավելի շատ հայեր այցելեն Եվրոպա»,- ասաց նա։ 

Հայերեն العربية English Français

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն