Երևանում մեկնարկեց Ավետիք Իսահակյանի հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեծանուն բանաստեղծի հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հերիքնազ Որսկանյանի խոսքով՝ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀԽՍՀ գրողների միության նախագահ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանը դեռևս իր կենդանության օրոք մեծ ճանաչում է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ նաև հայրենիքի սահմաններից դուրս։ 

«Նրա երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, իսկ ստեղծագործություններն արժանի տեղ են գրավում համաշխարհային գրականության գանձարանում։ Ժողովրդական ակունքներից եկող նրա երգը խոսում է ժողովրդի սրտի հետ»,-ասաց Որսկանյանը։

Նրա խոսքով՝ գիտաժողովի հիմնական նպատակն է խթանել Ավետիք Իսահակյանի գրական ժառանգության, ստեղծագործության փիլիսոփայական խորքի, ներքին կապերի քննությունը, ինչպես նաև փոխազդեցությունների և փոխառնչությունների լուսաբանումը, հայ քնարերգության մեջ նրա ստեղծագործությունների գաղափարական, գեղագիտական ազդեցությունների ուսումնասիրումն ու նորովի արժևորումը։

Միջազգային գիտաժողովի բացմանն Ավետիք Իսահակյանի հասարակական ու քաղաքական, ինչպես նաև գրական ու գիտական գործունեությունը արժևորեցին նաև ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Մխիթարյան միաբան, Ավանի Մխիթարյան հոգևոր ճեմարանի տեսուչ Համազասպ վարդապետ Քեշիշյանը։ Միջոցառմանը ներկայացվեց նաև  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա․Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկու ուղերձը գիտաժողովի մասնակիցներին։

Տեղի ունեցավ նաև Ավետիք Իսահակյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և արտերկրի գիտական կազմակերպությունների, բուհերի հետազոտողներ և թարգմանիչներ։ 

Ամփոփիչ նիստը կկայանա հոկտեմբերի 25-ին Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: 

Գիտաժողովի արդյունքներով կտպագրվի գիտաժողովի նյութերի ժողովածու։ 

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում