Կրթություն

ԿԳՄՍ նախարարությունը Գյումրիի կրթական հաստատությունների տնօրեններին նախազգուշացրել է ապահովել անխափան ուսումնական գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը Գյումրիի կրթական հաստատությունների տնօրեններին նախազգուշացրել է ապահովել անխափան ուսումնական գործընթացը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է ահազանգեր, համաձայն որոնց` Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը լիարժեք չի կազմակերպվել, երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հորդորելով մասնակցել հանրահավաքի։

Այդ կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել.

«Նշված գործողությունները խախտում են երեխաների կրթության իրավունքը, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները, որոնցով սահմանվում են ուսումնական հաստատություններում կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզչության, ինչպես նաև քաղաքական միջոցառումների անցկացման արգելքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարում են նախարարությունից՝ ընդգծելով, որ տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն:

ԿԳՄՍ նախարարությունը նախազգուշացնում է բոլոր կրթական հաստատությունների տնօրեններին՝ ապահովել անխափան ուսումնական գործընթաց և նախատեսում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` վերոնշյալ ահազանգերի հիման վրա։

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ հոկտեմբերի 20-ին ձերբակալվել են:  Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ նրանց կալանավորելու որոշում է կայացվել։ Նրանք մեղադրվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ 

Ըստ տարածված լուրերի՝  Գյումրիի մի շարք մանկապարտեզների տնօրեններ երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել, իսկ իրենք միացել քաղաքապետարանի առջև տեղի ունեցած հանրահավաքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում