Քաղաքականություն

Առաջիկայում ակնկալվում են եթովպական բարձր մակարդակի պատվիրակությունների այցեր Հայաստան

3 րոպեի ընթերցում

Առաջիկայում ակնկալվում են եթովպական բարձր մակարդակի պատվիրակությունների այցեր Հայաստան

Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանության նոր շենքի տարածքում կայացել է համերգ-ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եթովպիայում ՀՀ դեսպանությունը։ 

Բացօթյա համերգին և դրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել եթովպացի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ադիս Աբեբայում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավար կազմի, Ադիս Աբեբայի դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղացի և օտարերկրյա արվեստագետներ, եթովպահայեր և մեծաթիվ այլ հյուրեր: Միջոցառմանը հուշանվերներն են հանձնվել Եթովպիայի ԱԳՆ-ի, Ադիս Աբեբայի քաղաքապետարանի և հայ համայնքի ներկայացուցիչներին։ 

Համերգով հանդես է եկել եթովպահայ հայտնի երգիչ Վահե Թիլբյանի գլխավորած երաժշտական խումբը՝ հնչեցնելով հայկական, եթովպական ու այլ երգեր: Միաժամանակ դեսպանության շենքում կազմակերպվել է եթովպահայ տաղանդավոր արվեստագետ, նկարչուհի Գոհար Գևորգյանի աշխատանքների ցուցահանդես:  

Իր ողջույնի խոսքում Եթովպիայում ՀՀ դեսպան Սահակ Սարգսյանը նշել է, թե չնայած 1991թ. անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի առջև ծառացած բազում մարտահրավերներին, ներառյալ՝ ագրեսիային և տնտեսական շրջափակմանը, դարերի ընթացքում ապացուցված բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու և վերակառուցելու հետևողական կարողության շնորհիվ հայ ժողովուրդը կրկին ի ցույց է դրել առաջ շարժվելու իր վճռականությունը։ 

Նա հավելել է, որ Հայաստանը, հավատարիմ լինելով տարածաշրջանում խաղաղության հաստատման իր հանձնառությանը, վճռական է կառուցել ավելի լավ ապագա և ուրվագծել նոր պատմություն՝ իր շուրջը համախմբելով նաև սփյուռքին։ 

Անդրադառնալով Հայաստանի և Եթովպիայի միջև ամուր պատմական կապերին և օրեցօր խորացող համագործակցությանը՝ դեսպան Սարգսյանը մատնանշել է, որ միայն վերջին ամիսներին Հայաստանից Ադիս Աբեբա է այցելել մի քանի բարձրաստիճան պատվիրակություն։ Ըստ նրա՝ առաջիկայում ակնկալվում են եթովպական բարձր մակարդակի պատվիրակությունների այցեր Հայաստան, այդ թվում՝ հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին մասնակցելու համար: Նա նաև բարձր է գնահատել Աֆրիկյան միության հետ զարգացող կապերն ու գործընկերությունը։ 

Միջոցառման ավարտին դեսպանության բակում կայացել է պաշտոնական ընդունելություն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում