Ռուսաստան

Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահ աշ-Շարաային

3 րոպեի ընթերցում

Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահ աշ-Շարաային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային։ Սիրիայի ղեկավարը նշել է, որ նոր Սիրիան վերականգնում է հարաբերությունները տարածաշրջանային և արտատարածաշրջանային բոլոր երկրների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Աշ-Շարաայի խոսքով՝ Սիրիան և Ռուսաստանն ունեն երկկողմ հարաբերություններ և ընդհանուր շահեր, որոնք կապում են երկու երկրները միմյանց հետ։

«Մենք սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, և Սիրիայի էներգետիկ ոլորտի մեծ մասը հենվում է ռուսական փորձի վրա», - նշել է աշ-Շարաան։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուս-սիրիական հարաբերությունները բարեկամական են, և որ Մոսկվան երբեք չի ունեցել քաղաքական իրավիճակի կամ նեղ շահերի վրա հիմնված որևէ հարաբերություն, այլ դրանք հիմնված են փոխադարձ շահերի և սիրիացի ժողովրդի շահերի վրա։

«Ես ողջունում եմ նախագահ Ահմեդ աշ-Շարաային։ Մենք ավելի քան 80 տարի ամուր հարաբերություններ ունենք Սիրիայի հետ», - նշել է Պուտինը։

Կրեմլի ղեկավարը նաև շեշտել է, որ սերտ հարաբերություններ են պահպանում սիրիացի ժողովրդի հետ և ձգտում են զարգացնել հարաբերությունները Դամասկոսի հետ։ 

«Ռուսաստանի և Սիրիայի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքը», - հավելել է նա։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումները և երկու երկրների ընդհանուր շահերին ծառայող համագործակցության զարգացման ուղիները։

Ըստ Reuters-ի՝ ավելի վաղ Syria TV-ն և իրավիճակի հետ ծանոթ աղբյուրներից մեկը հայտնել էին, որ աշ-Շարաան Մոսկվա այցի ընթացքում Ռուսաստանի նախագահից պետք է պաշտոնապես խնդրի Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի արտահանձնումը, որպեսզի նրան կարողանան դատել սիրիացիների դեմ ենթադրյալ հանցագործությունների համար։ Ասադը 2024 թ. դեկտեմբերին երկրում իշխանափոխությունից հետո ապաստան է ստացել Ռուսաստանում։ 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում