Բերդկունքի ամրոցի հնագիտական պեղումները շարունակվում են

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում շարունակվում են Բերդկունքի ամրոցի պեղումները, որոնք սկսվել են հոկտեմբերի սկզբից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ հնագիտական արշավախմբի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հնագետ Լևոն Մկրտչյանը, պեղումները տալիս են նկատելի և հետաքրքիր արդյունքներ։ 

«Աշխատանքներն իրականացվում են պարսպապատի հյուսիսարևելյան հատվածում և հրվանդանի ափամերձ բարձունքում։

Պարսպապատի շարունակության բացման աշխատանքներում տեսանելի են դարձել ևս մեկ բրգաշտարակի հիմնապատեր։ Պարսպապատը տեղ-տեղ պահպանված հատվածներով շարունակվում է դեպի արևմուտք։ Այն հնարավոր կլինի բացել հետագա պեղումներով։ 

Առափնյա հրվանդանում հայտնաբերվել են քառապատրույգ ճրագաման, խեցեղեն բեկորներ և վանակատից ցլեպներ։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ հայտնաբերված նյութը վերաբերում է երկաթի դարից մինչև զարգացած միջնադար ժամանակահատվածին։ 

Պեղումների արդյունքում բացվել է նաև ժայռափոր թաղում՝ անհատի ոսկորներով և երկու ամբողջական ծովախեցիով»,-ներկայացրեց Լևոն Մկրտչյանը։ 

Ցամաքային պեղումներից զատ իրականացվել են նաև ստորջրյա հնագիտական աշխատանքներ։ Ստորշրջյա ուսումնասիրություններն արվել են Սևանա լճի գաղտնիքները բացահայտող սուզորդ Աննա Մարտիկյանի օգնությամբ և հնագետ, արշավախմբի անդամ Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ։ 

«Խնդիր էր դրված՝ որոնել լճից դեպի բերդ տանող որևէ ուղի  և մարդկային կենսագործունեության որևէ հիշատակում (հաշվի են առնվել նաև տեղացիներների պատմություններն ու հիշողությունները)։ Դիտարկվել է Բերդի հարավային կողմից դեպի հյուսիս մոտ 10000 քմ ստորջրյա տարածք (ափի երկայնքով մոտ 500 մ․)։ Ստորջրյա աշխատանքներ են իրականացվել 3-7 մ խորություններում։ 

Ուսումնասիրության արդյունքում 3-5 մ խորություններում հայտնաբերվել է որմնասյուն հիշեցնող բեկոր, որից էլ մի քանի մետր դեպի արևելք գտնվել է քանդակի բեկոր։ Ակնհայտ է, որ գտածոներն իրենց նախնական տեղում չեն։ Դիտարկված տարածքում նշմարվել են քարաբեկորներ, որոնց տաշվածքը ենթադրում է մարդկային գործոնի ազդեցություն»,-եզրափակեց պեղումներ իրականացնող հնագետը։

Բերդկունքի ամրոցի պեղումները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում։

Հայերեն Русский

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ