Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Փարիզ-Սակլե համալսարանի ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Փարիզ-Սակլե համալսարանի (Université Paris-Saclay) մի խումբ ուսանողների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայի ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը,  երկրի դերը միջազգային հարաբերություններում և հարևան երկրների հետ հարաբերությունները։ 

«Անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրին և դրա կարևորությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Դեսպան Խաչատրյանը խոսել է նաև հայ-ֆրանսիական պատմական հարաբերություններից և ռազմավարական նշանակություն ունեցող  ուղղություններով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունից: 

Դեսպանության փոխանցմամբ՝ բանախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով նաև Հայաստանի հարաբերություններին Եվրոպական միության հետ, առաջիկայում Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին (COP17) և Հայաստանին առնչվող երկկողմ և բազմակողմ այլ հարցերի։ 

Հայերեն English ქართული Русский