ԼՂ-ից տեղահանվածներին ՌԴ-ից աջակցությունը պետք է համակարգվի ՀՀ ԱՍՀ նախարարության հետ. նախարարը՝ ՌԴ դեսպանին
2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. ընդգծվել է երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության, մասնավորապես՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՄԱԿ-ի շրջանակում նախատեսված աշխատանքների կարևորությունը։
Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացքին։ Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ ՌԴ պետական և հասարակական հատվածից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցությունը պետք է համակարգվի ԱՍՀ նախարարության հետ, որպեսզի օգնությունը ընտանիքներին բաշխվի առավել հասցեական։
Ըստ աղբյուրի՝ դեսպան Կոպիրկինը ևս ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել հնարավոր ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։