Մադագասկարի նախագահը հայտարարել է իշխանությունը զավթելու փորձի մասին
1 րոպեի ընթերցում

Մադագասկարի նախագահի գրասենյակը հայտարարել է իշխանությունը բռնի զավթելու փորձի մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Al Jazeera-ն, հայտարարությունը նախորդել է այն բանին, երբ մեկ օր առաջ մի քանի զինվորականներ միացել են նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարներին։
Նշվում է, որ CAPSAT էլիտար ստորաբաժանման անդամները, որոնք օգնել են ներկայիս նախագահ Անդրի Ռաձուելինային իշխանության գալ 2009 թվականի հեղաշրջման ժամանակ, կոչ են արել իրենց զինվորական ծառայակիցներին չենթարկվել հրամաններին և աջակցել երիտասարդների կողմից ղեկավարվող բողոքի ցույցերին, որոնք սկսվել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին։
Սկզբում անկարգությունների կազմակերպիչները, որոնք իրենց անվանում էին «Z սերունդ», պնդել են, որ բողոքում են էլեկտրաէներգիայի և ջրի անջատումների հաճախակիության աճի դեմ, սակայն նրանց բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների, թալանների և ոստիկանության ու ժանդարմերիայի հետ բախումների: Հետագայում ցուցարարները սկսել են քաղաքական պահանջներ ներկայացնել, այդ թվում՝ կառավարության և պետության ղեկավարի հրաժարականը: