Պետությունը կսուբսիդավորի հեծանիվ ձեռք բերելու վարկերի տոկոսադրույքները

3 րոպեի ընթերցում

Պետությունը խրախուսում է առողջ ապրելակերպն ու առօրյայում հեծանիվների կիրառությունը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, հեծանվային սպորտը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կյանքի է կոչել ծրագիր, որի շրջանակում շահառուները կարող են հեծանիվներ ձեռք բերել ապառիկ գնման պայմաններով, իսկ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացնի պետությունը։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ այս փուլում ծրագիրը նախատեսված է ուսումնական հաստատությունների շահառուների համար։ 

«Հեծանիվը որպես տրանսպորտային միջոց կիրառելու սովորույթը ձևավորելու, հեծանվային սպորտի զարգացումը խրախուսելու նպատակով կառավարությունը հանդես է գալիս այս նախաձեռնությամբ։ Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատողները, սովորողները կարող են դառնալ ծրագրի շահառու»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։  

Շահառուները կարող են իրենց հարմար ցանկացած խանութից ապառիկով ձեռք բերել հեծանիվ, իսկ տոկոսադրույքի որոշակի չափով մարում կկատարի պետությունը։ Նախագծով սահմանված է, որ մարումը կլինի 16 տոկոսի չափով։  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը տեղեկացրեց, որ ուսումնական հաստություններին առաջարկվել է կիրառել խրախուսման մեթոդներ այն ուսանողների ու ուսումնական հաստատությունների աշխատողների նկատմամբ, որոնք կցանկանան հեծանիվ գնել այս ծրագրի շրջանակում։   

«Մի շարք ուսումնական հաստատություններ արդեն արձագանքել են։ Ունենք բուհեր, որոնք առաջարկել են հեծանիվի գնման պարագայում առաջին երեք ամիսների բանկային վճարումները փոխհատուցել։ Որոշ հաստատություններ հավելյալ կրթաթոշակի մեխանիզմ են նախատեսում ներդնել, իսկ մի շարք բուհեր էլ ուսման վարձի զեղչի տարբերակն են առաջարկում»,-ասաց Սարգիս Հայոցյանը։ 

Նրա խոսքով՝ ուսումնական հաստատություններից արձագանքն, ընդհանուր առմամբ, դրական է, ու խրախուսման նախաձեռնություններից զատ որոշ բուհեր մտածում են ստեղծել հեծանվասպորտի խմբակներ։   

«Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքով, որն արդեն ուժի մեջ է մտել, նախատեսված են դրույթներ բուհական սպորտի զարգացման վերաբերյալ։ Սա մեր իրականության մեջ բավականին անտեսված ոլորտ է, և այն զարգացնելու համար աշխատանք ունենք անելու։ Հիմա բուհերում սպորտի զարգացման համար դրվել է օրենսդրական հիմք։ Գիտենք, որ եվրոպական երկրներում ուսանողական մարզական ակումբներ կան, որոնք միմյանց հետ մրցում են պետության մակարդակով, և ահա այս իմաստով խրախուսվում է, որ հայաստանյան բուհերը նախաձեռնողական լինեն այդ հարցում»,-ասաց Սարգիս Հայոցյանը՝ հավելելով, որ ուսումնական հաստատություններում հեծանիվների կիրառությունը խրախուսելու նախաձեռնությունը դիտարկվում է այդ համատեքստում ևս։  

Հայերեն

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը