Ֆրանսիական կազմակերպության ներդրմամբ վերանորոգվել և կահավորվել է Սևանի մանկապատանեկան մարզադպրոցի բուժկետը
3 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան և Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակներում ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության միջոցներով վերանորոգվել և կահավորվել է Սևան քաղաքի Ն․ Դագարյանի անվան մանկական մարզադպրոցի բուժկետը, իսկ երկու մանկապարտեզների հատկացվել է ձեռքերի չորացման սարք։
«Արտադպրոցական հաստատության տնօրինության, ինչպես նաև հաճախող երեխաների և պատանիների համար բուժկետի վերանորոգված և 1-ին բուժօգնության սարքավորումներով հագեցած լինելն անհրաժեշտություն էր, որն իրողություն է դարձել «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի միջոցով՝ քույր քաղաք Գրենոբլի կողմից տրամադրված անհրաժեշտ ներդրմամբ: Այսուհետ մարզադպրոցի 2-րդ հարկում կգործի վերանորոգված և համապատասխան գույքով համալրված բուժկետ, որտեղ առկա են բոլոր պայմանները՝ հարմարավետ տարածքներով: Վերանորոգմանը հաջորդել է կահավորումը. բուժկետին տրամադրվել են բժշկական պահարան, թախտ, գրասեղան, աթոռ, բժշկական հասակաչափ, կշեռք, 1-ին օգնության հավաքածու, դինամոմետր, ալկոթեստեր (Dingo A-022), տոնոմետր:
Այս ծրագրի արդյունքում մարզական հաստատություն հաճախող երեխաների, մարզիչների համար 1-ին բուժօգնությունը կդառնա առավել հասանելի, որակյալ»,- «Արմենպրես»-ի փոփոկցի հետ զրույցում նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» և թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզները համալրվել են ձեռքերի չորացման սարքերով:
Սևան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Վարսեր և Չկալովկա բնակավայրերի մանկապարտեզներն արդեն իսկ ստացել էին նման սարքեր՝ ըստ խմբերի թվի:
Սևան համայնքում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի իրականացվել են առողջապահական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների, ինչպես նաև բնակավայրերը սպասարկող բուժկետերը և բուժամբուլատորիաները վերանորոգվել են և վերազինվել: