Ռուբիոն իր բրիտանացի պաշտոնակցի հետ քննարկել է Գազայում և Ուկրաինայում իրավիճակը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Գազայի հատվածում խաղաղության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել ջանքերի ներդրումը ռուս-ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարությունը։
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարն ընդգծել են Գազայում պատերազմն ավարտելու կարևորությունը՝ նախագահ Թրամփի՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրն իրագործելու միջոցով, որը կապահովի բոլոր պատանդների ազատ արձակումը և կերաշխավորի, որ ՀԱՄԱՍ-ը որևէ դերակատարում չունենա պաղեստինյան կառավարման գործում», - նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կողմերը կարևորել են Ուկրաինայում խաղաղության հաստատումը։
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների միջոցով հակամարտությունը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու համար», - նշել են Պետքարտուղարության խոսնակի գրասենյակում։