Քաղաքականություն

Քոչարյանի թիմը կմասնակցի 2026թ. ընտրություններին. նրա կարծիքով՝ ամենաշատ ձայները ստանալու հնարավորություն ունի ՔՊ-ն

3 րոպեի ընթերցում

Քոչարյանի թիմը կմասնակցի 2026թ. ընտրություններին. նրա կարծիքով՝ ամենաշատ ձայները ստանալու հնարավորություն ունի ՔՊ-ն

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Ազգային ժողովի 2026թ. ընտրություններում ամենաշատ քվեները ստանալու հնարավորություն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանը հայտարարեց հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բոլոր հարցումներով այսօր երևում են երկու ուժեր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան և շատ չեն զիջում ՔՊ-ին: Բավականին փոքր մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ այդ երկու ուժերից մեկը իր ղեկավարած «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժը:  

Քոչարյանի թիմը կմասնակցի ընտրություններին, իսկ նախընտրական ցուցակը կգլխավորի նա, ով կունենա առավելագույն շանսեր՝ սոցիոլոգիական հարցումների համաձայն: 

«Կարծում եմ, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն և զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն։ Բավարա՞ր են իմ ձայները։ Ոչ, բավարար չեն։ Կուզենայինք, որ այլ ուժեր ևս ստեղծվեին, որոնց հետ համագործակցությունը կբերեր իրավիճակի փոփոխության։ Այո, կցանկանանք և դրա մասին խոսում ենք շատ պարզ և հասկանալի ձևով»,-նշեց Քոչարյանը։

Ֆորմատի վերաբերյալ որոշումները կլինեն հունվար-փետրվար ամիսներին: «Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիական հարցումներով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ»,- ասաց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի համար հասկանալի չէ, թե ինչու են որոշ ընդդիմադիր ուժեր իրեն հորդորում լքել քաղաքականությունը: 

«Թե ինչու է ֆոկուսը իմ վրա, չգիտեմ, որովհետև մարդիկ են խոսում հիմնականում, որոնց չեմ ճանաչում, կյանքում չեմ տեսել, վատություն չեմ արել: Հիմա իրենք են վախենում, թե իրենց խոսեցնողներն են վախենում, ես չգիտեմ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա հավելեց՝ 2008 թվականին լքել է քաղաքականությունը և չի մասնակցել քաղաքական գործընթացներին, սակայն հիշեցրեց՝ հիմա քաղաքական դաշինքի առաջնորդ է:

«Եթե ես ստեղծեմ, օրինակ, կուսակցություն, ընտրվեմ այդ կուսակցության առաջնորդ, կուսակցությունն ակտիվ զբաղվի քաղաքականությամբ, բայց ես ասեմ՝ ես չեմ մասնակցում. ամեն ինչի մեջ տրամաբանություն պիտի չէ՞ լինի: Հակառակը, ես համարում եմ, եթե դու մասնակցում ես կուսակցությամբ, մասնակցիր քո դեմքով: Չես մասնակցում, մի մասնակցիր»,- ասաց Քոչարյանը:  

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի ամռանը: 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների 53.95, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 21.11 տոկոսը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում պատգամավորական մանդատներ է ստացել 5.22 տոկոս քվեներով: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում