Աշխարհ

ԱՊՀ արտգործնախարարները Դուշանբեում կքննարկեն անվտանգության ապահովման և կայուն զարգացման հարցերը

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ արտգործնախարարները Դուշանբեում կքննարկեն անվտանգության ապահովման և կայուն զարգացման հարցերը

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Համագործակցության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կարծիքներ կփոխանակեն անվտանգության ապահովման, կայուն զարգացման և այլ հրատապ հարցերի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությանը:

«Նիստի օրակարգում ներառված են Համագործակցության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության ամրապնդման առանցքային հարցերը: Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստման ​​հարցերը, մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ, ներառյալ անվտանգության ապահովումը, կայուն զարգացումը և միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը», - Տաջիկստանի ԱԳՆ հայտարարությունից հատված է մեջբերում գործակալությունը:

Նշվում է, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կընթանա Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի նախագահությամբ:     

Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը «Խովար»  գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերում ներկայացված են հարցեր «ԱՊՀ պլյուս» ձևաչափ հիմնելու և Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ-ին կից դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին:

2025 թվականի հունվարի 1-ին ԱՊՀ-ում նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին, համանախագահներ են դարձել ՌԴ-ն և Թուրքմենստանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում