Շաքիի ջրվեժի մոտ «Գենդեր փարթի» կազմակերպվելով՝ խախտվել է բնության հուշարձանի պահպանության ռեժիմը
2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով ընդգծել է, որ Շաքիի ջրվեժի մոտ «Գենդեր փարթի» կազմակերպվելով՝ խախտվել է բնության հուշարձանի պահպանության ռեժիմը:
«Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝
Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,
Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն»,- գրել է խոսնակը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։
Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։
«Հարգելի քաղաքացինե՛ր, հորդորում ենք պահպանել շրջակա միջավայրի պահպանության սահմանված օրենսդրական պահանջները և զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել մեր երկրի բնական ժառանգությանը»,- գրառումը եզրափակել է Անի ՀԱկոբյանը: