ԱՄՆ-ն Վենեսուելայի մոտակայքում թմրանյութեր տեղափոխող նավ է ոչնչացրել
2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի՝ ամերիկյան ուժերը Վենեսուելայի մոտակայքում հարվածել և ոչնչացրել են թմրանյութեր տեղափոխող նավը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պենտագոնի ղեկավարը հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ՝ կից տարածելով նաև հասցված հարվածի տեսանյութը։
Earlier this morning, on President Trump's orders, I directed a lethal, kinetic strike on a narco-trafficking vessel affiliated with Designated Terrorist Organizations in the USSOUTHCOM area of responsibility. Four male narco-terrorists aboard the vessel were killed in the… pic.twitter.com/QpNPljFcGn
— Secretary of War Pete Hegseth (@SecWar) October 3, 2025
«Այսօր առավոտյան, նախագահ Թրամփի հրամանով, ես հրամայեցի մահացու հարված հասցնել ԱՄՆ Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավին, որը կապված էր ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- գրել է Պենտագոնի ղեկավարը։
Նա հայտնել է, որ հասցված հարվածի արդյունքում նավում գտնվող չորս նարկոահաբեկիչներ սպանվել են, իսկ գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը չեն տուժել։
«Հարվածը հասցվել է Վենեսուելայի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում, երբ նավը տեղափոխում էր թմրանյութերի զգալի քանակություն՝ ուղևորվելով Ամերիկա՝ մեր ժողովրդին թունավորելու համար»,- նշված է Հեգսեթի գրառման մեջ։
Պենտագոնի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ հետախուզությունը հաստատել է, որ նավը թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ է զբաղվում, նավի վրա գտնվող մարդիկ նարկոահաբեկիչներ են և գործում են թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի տարանցիկ երթուղով։
«Այս հարվածները կշարունակվեն մինչև ամերիկյան ժողովրդի վրա հարձակումների ավարտը»,- վստահեցրել է Պենտագոնի ղեկավարը։