Քաղաքականություն

ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ

Ազգային ժողովը ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունն ընդունել է 64 կողմ, 0 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ընդդիմադիր խմբակցությունները նիստին չեն մասնակցել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը, ստորագրվել է նաեւ խաղաղության հռչակագիրը։ 

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարծում է, որ Ազգային ժողովը պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը եւ հայտարարության ընդունմամբ աջակցի խաղաղությանը՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդել եւ զարգացնել այն»,– նշել է Կոնջորյանը։

Ելույթներում ընդգծվել է, որ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունները եւ բաց սահմանները կուժեղացնեն Հայաստանի ժողովրդավարությունը, տնտեսությունը եւ իրավակարգերը։ Նշվել է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը նոր էջ են բացում կայուն զարգացման ու անվտանգության համար։

Հայկ Կոնջորյանը նշել է, որ խաղաղության ամրապնդման հերթական քայլերից մեկը տեղի է ունեցել Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքում։ Նրա խոսքով՝ հերթական անգամ արձանագրվել է, որ Հայաստանի տարածքում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում գոյություն ունի միայն մեկ՝ TRIPP նախագիծը։

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում նշել է, որ խաղաղության գործընթացը կարող է բերել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ «Սա ինչ է, եթե ոչ կենսունակ պետության ճանապարհ, սա ինչ է, եթե ոչ երկխոսող, խաղաղ, ազատ եւ անկախ, իր քաղաքացիների համար անվտանգության ամենաբարձր երաշխիքներ տվող պետության ճանապարհ»,– եզրափակել է ԱԺ փոխնախագահը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում