Ավելի լավ բժիշկ, քան երաժշտությունն է, ես չգիտեմ. լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևը Երևանում երկու համերգ կղեկավարի
9 րոպեի ընթերցում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առթիվ հոկտեմբերի 1-ին Հայաստան ժամանեց ականավոր դիրիժոր Վալերի Գերգիևը։ Նա երևանյան երկու համերգով կշնորհավորի նվագախմբի հոբելյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում կհնչեն Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը՝ վիրտուոզ ջութակահար Պավել Միլյուկովի կատարմամբ և Մալերի Սիմֆոնիա թիվ 4-ը՝ սոպրանո Աննա Դենիսովայի մասնակցությամբ:
Հոկտեմբերի 2-ին էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 37 տարի անց կրկին հանդես կգա իր երբեմնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:
Կհնչեն Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը, Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» և Ռավելի «Բոլերո»-ն:
Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում դիրիժորն ասաց, որ ժամանել է, որպեսզի հանդիպի իր ընկերներին, որոնց հետ ստեղծագործական սերտ կապեր է պահպանել և մարդկային ջերմ հարաբերություններ։ «Ցավում եմ, որ նրանցից շատերն այլևս չկան։ Քսանութ կամ քսանյոթ տարեկան էի, երբ ինձ առաջարկեցին ղեկավարել այն ժամանակ Խորհրդային Հայաստանի պետական նվագախումբը։ Այդ տարիներին ինձ համար շատ թանկ էին Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադիկ Խուդոյանը, որին չգիտես թե ինչու ոչ ոք չէր դիմում Ադամ անունով, Տերտերյանն ու Առնո Բաբաջանյանը։ Բաբաջանյանն իր կյանքի վերջին համերգն ինձ հետ է նվագել»,- նշեց դիրիժորը։
Գերգիևը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում և այլ երկրներում ապրող բազմաթիվ հայ ընկերներ ունի, որոնց հետ չի դադարեցնում շփումը։
Գերգիևն արդեն 37 տարի ղեկավարում է Մարիինյան թատրոնը, որը հաջորդ տարի տոնելու է 250-ամյակը։ Նա ընդգծեց՝ Երևանում աշխատանքային փորձն իրեն այդ հարցում շատ է օգնել։ «Հիշում եմ՝ երբ հեռանում էի Հայաստանից, Հայաստանի պետական նվագախմբի հասուն երաժիշտներից մեկը կատակեց՝ ասելով՝ եթե ինձ հաջողվել է ղեկավարել հարյուր հայի, կյանքում ոչնչից կարող եմ չվախենալ։ Այդ խոսքերը մինչ օրս հիշում եմ։ Իրականում ինձ շատ բան է կապում Հայաստանի նվագախմբի հետ. բազմաթիվ ստեղծագործություններ առաջին անգամ ղեկավարել եմ հենց այս նվագախմբի հետ։ Չեմ հաշվել, թե քանի անգամ եմ այստեղ ելույթ ունեցել, բայց, հավանաբար, հարյուր համերգով հանդես ենք եկել տարբեր երկրներում՝ հանրության համար բացահայտելով բազմաթիվ կոմպոզիտորների»,- ասաց դիրիժորը։
Նա շեշտեց, որ մշտապես կատարել են հայ հեղինակների՝ Միրզոյանի, Սարյանի, Տերտերյանի, Խաչատրյանի և այլոց գործերը։ Մինչ օրս կատարում է հայ կոմպոզիտորների գործերը, որոնց յուրահատուկ է համարում։
Վալերի Գերգիևը շնորհավորեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և ընդգծեց՝ ցանկանում է, որ նվագախումբը հենվի ազգային արմատների վրա, պահպանի այն նվագացանկը, որը ստեղծել են լավագույն ստեղծագործողները, պահպանի այն ավանդույթներն ու արժեքները, որոնք ունի։
«Ցանկանում եմ, որ երաժշտությունն իրեն հատուկ գայթակղիչ գեղեցկությամբ և մարդկայնությամբ այս աշխարհն ավելի լավը դարձնի, աշխարհ, որը հիմա մի քիչ հիվանդ է։ Ավելի լավ բժիշկ, քանի երաժշտությունն է, ես չգիտեմ»,-եզրափակեց Վալերի Գերգիևը։
Գերգիևին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլք։
Էդուարդ Թոփչյանի համոզմամբ՝ 100-ամյա նվագախմբի պատմության ամենավառ էջերից մեկը Գերգիևի պես բացառիկ դիրիժորի հետ համագործակցելն է եղել։
Ազգային նվագախումբը միշտ լավ հարաբերություններ է պահպանել Վալերի Գերգիևի հետ, իսկ Թոփչյանը միշտ ցանկացել է, որ նա մի օր վերադառնա և կրկին հանդես գա Ֆիլհարմոնիկի հետ։ «Գերգիևը շատ սիրում է հայերին։ Եթե հետևեք նրա հարցազրույցներին, կնկատեք, որ միշտ պատմում է իր հայ հարևանի մասին, որը նրան ուղղորդել է երաժիշտ դառնալ, միշտ հիշում է Հայաստանում ապրելու և աշխատելու տարիները»,- նշեց Թոփչյանը։
Երևանյան համերգների պայմանավորվածությունը ձեռք է բերվել տարիներ առաջ։ «Հույս ունեմ, որ տարիներ անց մեր նվագախմբի հետ համագործակցությունը լավ կստացվի, կցանկանամ, որ Գերգիևը պարբերաբար վերադառնա մեր նվագախումբ գոնե մեկ համերգով»,- ասաց Էդուարդ Թոփչյանն ու հավելեց՝ նվագախմբում մինչ օրս կան երաժիշտներ, որոնք աշխատել են Գերգիևի ղեկավարման տարիներին։
Դանիել Դանիելյանի խոսքով՝ Գերգիևը նվագախմբի անդամ է իրեն զգում և հրավերին վաղուց է սպասել։ Փոխնախարարը հրաշալի իրադարձություն համարեց նվագախմբի 100-ամյակին Հայաստանում մեր ժամանակների մեծանուն դիրիժորներից մեկին հյուրընկալելը։
«Մեր պետական ռազմավարության կարևոր կետերից է մշակույթի ապակենտրոնացումը, ինչը մեծ հաջողությամբ անում ենք, աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայանալը և աշխարհահռչակ անունները Հայաստան հրավիրելը»,- ընդգծեց նախարարի տեղակալն ու հավելեց, որ այդ անուններից է Վալերի Գերգիևը, որի ժամանումը մեծ անցուդարձ է առաջացրել։ Դանիելյանի խոսքով՝ շատերն են հետաքրքրված նրա ղեկավարությամբ համերգներով, ինչը ոգևորիչ է։
Վալերի Գերգիևն, ի թիվս աշխարհի տարբեր երկրներից ստացած բազում պարգևների ու ամենաբարձր կոչումների, պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար (2009): Գերգիևի կարիերայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է առաջին երաժշտախումբը, որի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է նշանակվել մաեստրոն և ղեկավարել է 1981-1985 թվականներին։
Նվագախմբի պատմության մեջ նա դեռևս միակ ոչ հայազգի ղեկավար է: Այն տարիներին երիտասարդ դիրիժորը Բեռլինում Հերբերտ ֆոն Կարայանի անվ. մրցույթում և Մոսկվայի դիրիժորների համամիութենական մրցույթում հաղթանակ տանելուց հետո հրավիրվեց ղեկավարելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչին մեծապես նպաստեց այն ժամանակվա ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը:
1977-ից նա նաև Կիրովի թատրոնի (այժմ՝ Մարիինյան) գլխավոր դիրիժորի՝ Տեմիրկանովի օգնականն էր, իսկ 1988-ին ընտրվեց Մարիինյան թատրոնի երաժշտական ղեկավար: Այժմ Վալերի Գերգիևը հանդիսանում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը և Մեծ թատրոնի գլխավոր տնօրենը:
Հայաստանյան տարիներին Գերգիևը հաճախ է ղեկավարել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Խաչատրյան, Սպենդիարյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան, Տերտերյան, Խաղագորտյան: Ելույթներ է ունեցել հայ ականավոր մենակատարներ Ռուբեն Ահարոնյանի, Սվետլանա Նավասարդյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց հետ: Անգամ Մարիինյան թատրոնի ղեկավար լինելու ժամանակ իր համագործակցությունը շարունակվել է այնպիսի հայ արտիստների հետ, ինչպիսիք են Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Գրիգորյանը, Գևորգ Հակոբյանը, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ ուրիշներ:
Վալերի Գերգիևը 20-21-րդ դարերի երաժշտական օլիմպի ամենավառ ներկայացուցիչներից է, ինչպես նաև ամենահեղինակավոր մշակութային գործիչներից մեկը: Նա դիրիժոր-ռեֆորմատոր է, նրա բուռն և նպատակասլաց գործունեության շնորհիվ ռուս դասական երաժշտական աշխարհի դռները լայն բացվեցին արևմտյան ունկնդրի առջև` պարգևելով նոր բացահայտումներ: Նրա ղեկավարման տարիներին Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը նոր բարձունքներ նվաճեց՝ ներկայացնելով ոչ միայն նոր օպերային և բալետային ստեղծագործություններ, այլև կատարելով ընդարձակ սիմֆոնիկ երկացանկ: Գերգիևի շնորհիվ Մարիինյան թատրոնը դարձել է մասշտաբային համերգա-թատերական համալիր, որն իր նմանը չունի աշխարհում:
Գերգիևը վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 16 տարի առաջ։