Նորա Արմանիի ֆիլմարվեստը՝ Երևանում. երեք օր շարունակ Կինոյի տանը կցուցադրվեն դերասանուհու մասնակցությամբ յուրօրինակ ֆիլմեր
15 րոպեի ընթերցում

Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Նորա Արմանին ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, նկարահանվում է միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորների ֆիլմերում, հանդես գալիս լավագույն թատերական հարթակներում, բայց երբեք բաց չի թողնում Հայաստան գալու և տեղի արվեստագետների հետ համագործակցելու առիթը։
Այժմ դերասանուհին նկարահանվում է հայկական ֆիլմում, պատրաստվում է թատերասերների դատին նոր ներկայացում հանձնել, սակայն Երևանում է մեկ այլ կարևոր առիթով. հոկտեմբերի 1-3-ը Կինոյի տան մեծ դահլիճում կանցկացվի Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Հոկտեմբերի 1-ին կցուցադրվի Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր» ֆիլմը, հոկտեմբերի 2-ին՝ Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը», իսկ հոկտեմբերի 3-ին՝ Ռաքս Ռինեկանգասի «Վերջին ցանկությունը» կինոնկարը։ Նշված բոլոր ֆիլմերում Նորա Արմանին կերտել է յուրահատուկ և ինքնատիպ կերպարներ, որոնց արժե ճանաչել։
Սպասվող միջոցառմանն ընդառաջ դերասանուհին «Արմենպրես»-ի թղթակցին պատմել է անցած ճանապարհի, թատրոնի և կինոյի առանձնահատկությունների, առաջիկա ծրագրերի մասին։

-Տիկին Արմանի, ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եք։ Այն ստեղծագործողներից եք, որը չի խզում կապը հայրենիքի հետ և ասելիքով է վերադառնում։ Այս անգամ ի՞նչ նորություններով եք ներկայանալու Ձեր արվեստի երկրպագուներին։
-Իրականում նպատակ չունեի սեպտեմբերից առաջ գալ Հայաստան, սակայն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնից հրավեր ստացա մասնակցելու 22-րդ փառատոնի փակմանը, որի ընթացքում ցուցադրվելու էր Հարություն Խաչատրյանի և իմ համառեժիսորությամբ «Վերջին կայարանը» ֆիլմը, որի գլխավոր դերում եմ։ Այդ առիթով եկա և ինձ մրցանակ հանձնեցին։ Ստացվեց, որ այս տարի արդեն երկրորդ անգամ եմ այցելում Հայաստան։ Այժմ համագործակցում եմ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի հետ, աշխատում ենք մոնոներկայացման շուրջ։
-Շատ դերասանուհիներ նշում են՝ մոնոներկայացումը մեծ պատասխանատվություն է պահանջում. մի ամբողջ դահլիճ կենտրոնանում է արտիստի խաղի վրա, երբեմն շունչը պահած է հետևում զարգացումներին։
-Սա իմ երրորդ մոնոներկայացումն է։ Դու խաղում ես ժողովրդի հետ, խաղում ես երևակայական խաղընկերների, կերպարների հետ։ Երբ պատմում ես տարբեր իրավիճակների մասին, վերապրում ես այդ ամենը, ուստի նման ներկայացումներն այնքան էլ մոնո չեն։

-Վերջերս դիտում էի հանրահայտ երգչուհիներից մեկի հարցազրույցը, որում նա խոստովանեց՝ առօրյա կյանքում այնքան էլ շփվող չէ, և բեմն իրեն օգնում է դուրս հանել կուտակված ամբողջ էներգիան և յուրովի հաղորդակցվել հանդիսատեսի հետ։ Ձեր պարագայում ինչպե՞ս է։
-Ժամանակին շատ ամաչկոտ, անգամ ընկճված մարդ էի, սակայն որոշել եմ այլևս այդպիսին չլինել։ Շատ լավ զգում եմ մարդկանց ձայնի կեղծ տոնը և հասկանում, որ հաշվենկատ են, խորամանկ և անվստահելի։ Ինձ համար վստահելի են այն մարդիկ, որոնք ուրախանում են հաջողություններով և տխրում են անհաջողություններից, որոնց ապրումները բաց են աշխարհի առաջ։ Ի վերջո՝ մենք քաղաքական գործիչներ չենք։ Ես դերասանուհի եմ, արվեստագետ եմ և պետք է կարողանամ դրսևորել զգացածս, ապրածս։
-Իսկ պատահե՞լ է, որ համաձայն չլինեք Ձեր կերպարի հետ, ինչը խանգարի այն լիարժեք կերտել։
-Նման բան չեմ հիշում։ Եթե դերն ընդունել եմ, նշանակում է, որ համաձայն եմ կերպարի հետ։
-Հիշո՞ւմ եք, թե երբ եկավ այն շրջանը, երբ Դուք սկսեցիք ընտրել դերերը։ Յուրաքանչյուր դերասանի կյանքում լինում է փուլ, երբ կայանալու կարիք կա։ Հաճախ խաղում են այն դերերը, որոնք առաջարկում են։
-Բեմում առաջին քայլերս արել եմ իմ նախկին ամուսին, դերասան, բեմադրիչ Ժիրայր Փափազյանի ներկայացումներում հանդես գալով։ Բեմադրիչը քեզ տեսնում է, ճանաչում է և համապատասխան դեր է առաջարկում։ Մենք մեզ լավ չենք ճանաչում։ Ժամանակի ընթացքում կարող ես հասկանալ, թե որ տեսակի դերերն են քեզ հնարավորություն տալիս ավելի լավ դրսևորվել, արտահայտվել, բայց սկզբնական շրջանում պետք է վստահել քեզ դրսից նայող մարդուն, հատկապես, եթե տվյալ մարդը պրոֆեսիոնալ է։ Նա կարող է տեսնել այն, ինչը դու չես նկատում։

-Կա՞ մի ռեժիսոր, որին անվերապահորեն վստահում եք։
-Առհասարակ վստահությունը շատ կարևոր է։ Գուցե, ֆիլմի կամ ներկայացման վերջում նկատես, որ ինչ-որ բան այն չէր և հաջորդ անգամ ավելի զգույշ լինես, բայց սկզբնական շրջանում պետք է հարյուր տոկոսով վստահել։
-Որքանով տեղյակ եմ այժմ նկարահանվում եք Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմում...
-Նկարահանումները շատ լավ անցան։ Հաճելի էր և հետաքրքիր փորձառություն էր ինձ համար։ Ռոմանտիկ կատակերգություն է։ Քեշիշյանը շատ գեղեցիկ է աշխատում. բախտավոր եմ, որ նրա հետ համագործակցելու առիթ ունեցա և հույս ունեմ, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի։
-Երբ տեղի դերասաններն արտերկրում համագործակցում են հետաքրքիր ռեժիսորների հետ, վառ տպավորություններով են վերադառնում։ Դուք այն դերասանուհիներից եք, որը տարբեր ազգերի ռեժիսորների հետ աշխատելու հարուստ փորձ ունի։ Ի՞նչ առանձնահատկություններ ունեն տեղի և արտերկրի ստեղծագործողները։
-Կինոյի լեզուն ամեն տեղ նույնն է։ Դերասանի համար կինոյի և բեմի տարբերությունն այն է, որ կինոն ավելի տեխնիկական աշխատանք է։ Օպերատորը, մոնտաժողը, ռեժիսորը և այլք են կինոն կինո դարձնում, իսկ դերասանն ամբողջացնում է այն։ Նա կարող է լավագույնս խաղալ իր դերը, բայց մոնտաժի ընթացքում կարող է այս կամ այն տեսարանը դուրս գալ։ Իմ պարագայում մի քանի անգամ նման բան պատահել է։ Պետք չէ մտածել, որ դա կապված է խաղի հետ, ամենակարևորը ֆիլմի ասելիքն ու ամբողջականությունն են։ Եթե ռեժիսորը մտածում է, որ տեսարանը տեղ չունի պատմության մեջ, ապա պետք է հանել այն։ Պատահում է՝ հանդիպում ես ռեժիսորների, որոնք չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել։ Մոնտաժելիս որոշում են պահպանել այն տեսարանները, որոնք թուլացնում են ֆիլմը։ Ամերիկյան կինոիրականությունում նման բան չկա։ Ասում են՝ պետք է սպանել ձագուկներիդ։ Ինչո՞ւ են այդպես ասում, որովհետև դաժան է, երբ ծնողը ստիպված է սպանել իր ձագերին. եթե պետք է, եթե պատմությունը պատմելու համար մեկ ձագի կարիք կա միայն, ապա մյուս երկուսին պետք է հեռացնել։ Շատ դաժան է, բայց առաջնայինը պատմության թողած տպավորությունն է։
Թատրոնի պարագայում այլ է, բեմը դերասանի հարթակն է։ Բեմադրիչը ևս կարևոր է. փորձեր կան, գաղափարներ, որոնք պետք է տեղ հասցնել, բայց վերջում դերասանն է կանգնում ժողովրդի առաջ։ Հաճախ եվրոպական բեմերում տեսնում ենք ներկայացումներ, որոնց միջոցով, ասես, ցանկանում են սիրաշահել նաև այն հանդիսատեսին, որը ֆիլմեր է սիրում։ Այդ նպատակով հատուկ վիզուալ էֆեկտներ են բերում բեմ, և դերասանը խեղդվում է այդ ամենի մեջ, դերասանի գոյությունը դառնում է անկարևոր, իսկ իսկական թատրոնը դա չէ, իսկական թատրոնը դերասանն է։

Սիրում եմ և՛ կինոն, և՛ թատրոնը, բայց զգում եմ, որ կինոարվեստում դերասանը գործիք է։ Կինոյում էլ պետք է անկեղծ լինել, որովհետև տեսախցիկը շատ նուրբ է և ամեն շարժում որսում է։
-Պատահո՞ւմ է, որ Ձեր ֆիլմերը վերանայելիս ցանկություն առաջանա ինչ-որ բան փոխել։
-Ո՛չ։ Հետ չեմ գնում, որովհետև իմաստ չունի։ Իհարկե, նայելիս, գուցե, նկատեմ որոշ բաներ, որոնցից ցանկանամ հետագայում խուսափել, բայց ոչ ավելին։
-Ինչպես արդեն հիշատակվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակմանը ցուցադրվեց «Վերջին կայարանը» ֆիլմը։ Ի՞նչ էիք զգում այդ ժամանակ։
-Դիտում էի ֆիլմն ու հասկանում, որ էկրանի կինն այլևս ես չեմ։ Անցել է մոտ երեսուն տարի, փոխվել եմ թե՛ դեմքով, թե՛ կարգավիճակով, թե՛ մտածողությամբ։ Էկրանին այլ մարդ էր։
-Իսկ ինչպե՞ս եք ընտրում Ձեր դերերը, ինչպե՞ս են կերպարները գտնում Ձեզ։
-Ինձ առաջարկում են դերը, ես անցնում եմ լսումների փուլը։ Եվրոպայում, ԱՄՆ-ում շատ դաժան է այդ գործընթացը։ Անգամ մեծ աստղերը լսումներ են անցնում։ Հազվադեպ է պատահում, որ պրոդյուսերն ասի՝ այս կամ այն դերի համար այս կամ այն դերասանը հարմար կլինի։
Վերջերս Ֆինլանդիայի և Ֆրանսիայի համաարտադրության երկու լիամետրաժ ֆիլմում եմ նկարահանվել։ Այդ նույն ռեժիսորը ևս երկու կինոնախագիծ ունի և ուզում է կրկին աշխատել ինձ հետ՝ վստահելով կարևոր դերեր։ Այդպես ևս պատահում է. համագործակցելու, միմյանց լեզուն հասկանալու, մտածողությունն ընկալելու արդյունք է դա։ Լսումները չանցնելու պարագայում կարևոր է չմտածել, որ անտաղանդ ես կամ լավ չես խաղացել, որովհետև դա տարբեր գործոնների հետ է կապված։

-Ձեր անցած ճանապա՞րհն է հանգեցրել այդ եզրակացության, թե՞ միշտ եք ինքնավստահ եղել։
-Երիտասարդ դերասանները հաճախ են մտածում, որ շնորհ չունեն, որ անտաղանդ են, հուսահատվում են ու կարծում, որ ոչ ոք չի ցանկանում իրենց հետ աշխատել, բայց այդպես չէ։ Բախտը ևս մեծ դեր է խաղում։ Վերջին երեք տարում չորս լիամետրաժ ֆիլմում եմ նկարահանվել, որոնցից երեքում գլխավոր դերեր եմ կերտել. մեկը ռեժիսոր Լեքսի Ալեքսանդրի Absolute Dominion ֆիլմն է, որը ցուցադրվում է տարբեր հարթակներում։ Այդ նախագծում երկրորդական, բայց բանալի դերում եմ։
Հետո նկարահանվել եմ The Better Sister սերիալի էպիզոդներից մեկում։ Այն ութ մասից է բաղկացած։ Երկու շաբաթում 1,5 մլրդ մարդ էր դիտել։ Սերիալը մեծ հաջողություն է գրանցել, ինչը ինձ համար ևս ձեռքբերում է։ Վերջերս ավարտեցինք My Big Fat Greek Wedding հայտնի կինոնկարի Falafel աշխատանքային վերնագրով ամերիկյան տարբերակը, որում նկարահանվելը շատ զվարճալի էր։ Կերտել եմ հերոսուհու մոր կերպարը։ Սիրում եմ դրամատիկ դերեր խաղալ, սակայն այս ֆիլմը շատ եմ հավանել ու մեծ բավականություն եմ ստացել աշխատանքից։ Նկարահանվել եմ նաև Ռաքս Ռինեկանգասի The Jukebox ֆիլմում, որում հրեշտակի եմ մարմնավորում։ Ֆիլմի պրեմիերան դեռ չի եղել։ Վերոնշյալ նախագծերը կարող են նոր հնարավորություններ բացել իմ առաջ, բայց լսումներից ոչ ոք չի կարող խուսափել, չնայած բացառություններ լինում են։
-Հիշեցի ֆրանսիական կինոյի լեգենդներին՝ ռեժիսոր Ֆրանսիս Վեբերին, դերասաններ Պիեռ Ռիշարին և Ժերար Դեպարդիեին։ Վեբերն, ասես, բոլոր ֆիլմերն այդ զույգի համար էր նկարում։
Տիկին Արմանի, չեմ կարող չանդրադառնալ ֆիլմերի միջազգային փառատոնին, որը տարիներ առաջ հիմնադրել եք և մինչ օրս պատվով անցկացնում եք Նյու Յորքում։ Ի՞նչ հիմնական առաքելություն ունի փառատոնը։ Այն հաճա՞խ է հայկական կինոնկարներ հյուրընկալում։
-Անում եմ հնարավոր ամեն բան, որ փառատոնում պարբերաբար ներկայացվի հայկական կինոն թե՛ կարճամետրաժ, թե՛ լիամետրաժ, թե՛ փաստավավերագրական։ Փառատոնը միջազգային է, և ներկայացնում ենք քառասուն երկիր։ Եթե հայկական ֆիլմ ենք հյուրընկալում, այն ցուցադրում ենք կիրակի օրերին, որպեսզի շատ հայեր կարողանան գալ դիտելու։ Նախորդ տարի Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» ֆիլմը ցուցադրեցինք։ Գլխավոր դերում ես եմ։ Մի քիչ անհարմար էի զգում, որ իմ փառատոնին իմ մասնակցությամբ ֆիլմ է ցուցադրվում, բայց դա Դովլաթյանի կինոնկարն է։ Մարտին կնշենք փառատոնի 13-ամյակը։

Այն հիմնադրեցի, որովհետև հոգնել էի էկրաններին բռնություն, վայրագություն տեսնելուց, ինչը շատ է հատկապես ամերիկյան կինոյում։ Մյուս կողմից էլ անձնական մեծ դժբախտություն պատահեց ինձ հետ. իմ հորեղբայրն ու նրա դուստրը Եգիպտոսում դանակահարվեցին։ Սպանության հիմքում ատելությունն էր։ Այդ դեպքն ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Նրանց մահվան 10-րդ տարելիցին որոշեցի մի իմաստալից բան անել նրանց հիշատակը վառ պահելու համար։ Փառատոնը կանանց դեմ բռնությանն է նվիրված։ Հորեղբորս աղջիկը դերասանուհի, բեմադրիչ, պրոդյուսեր էր, իսկ հորեղբորս հոր պես էի սիրում։ Փառատոնին «Վանյա Էքսերջյան» անունով հատուկ մրցանակ ունենք, որի մրցանակակրին ես եմ ընտրում։ Այդ մրցանակին արժանացող կինոնկարն անպայման պետք է անդրադառնա կանանց իրավունքներին, կանանց դեմ բռնության թեմային։ Կան նաև «Լավագույն լիամետրաժ», «Լավագույն կարճամետրաժ», «Լավագույն վավերագրական» և «Լավագույն սցենար» անվանակարգերը։ Մրցանակակիրներին ընտրում է միջազգային բարձրակարգ ժյուրին։
Մինչ օրս 790 ֆիլմ ենք ցուցադրել քառասուն երկրից։ Բարդ աշխատանք է, բայց ուժ գտնում ենք գաղափարն իրագործելու համար։ Այժմ 50 կամ 70 ֆիլմ չենք ընտրում, կենտրոնանում ենք իսկապես լավ ֆիլմերի վրա։ Քիչ ֆիլմեր ընտրելու պարագայում կարողանում ենք ավելի լավ տարածել կինոնկարները։ Մեր նպատակներից մեկն այն է, որ փառատոնին ցուցադրվող կինոնկարները լայն տարածում գտնեն, այլ առաջարկներ ստանան, այլ հարթակներում ևս ցուցադրվեն ու հասնեն միջազգային հանդիսատեսին։ Մեր փառատոնը դուռ է բացում ֆիլմերի համար։ Նման օրինակներ շատ կան։

-Տիկին Արմանի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մաղթում եմ, որ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն անցնի լեփ-լեցուն դահլիճներում։ Հույս ունեմ, որ հանդիպելու առիթներ դեռ կլինեն։
-Շնորհակալ եմ։
