3 րոպեի ընթերցում
Մինչև տարեվերջ Գյումրիում իր դռները կբացի հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան, որն իրականացնում է մասնագիտական ուսուցում շվեյցարական կրթական մոդելի հիման վրա։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ hայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL - École hôtelière de Lausanne) հետ համատեղ Գյումրիի Գրանդ հոթել Ապրիկոտում մեկնարկում է շվեյցարական կրթական մոդելով հյուրընկալության ոլորտի մասնագիտական ուսուցման ծրագիր, որը հիմնված է աշխարհի լավագույն կրթական մոդելներից մեկի՝ «Շվեյցարական հմտությունների մոդելի» վրա։
Սեպտեմբերի 30-ին լիցենզավորված ուսուցման ծրագրերի ներկայացման հանդիպման ժամանակ ակադեմիայի Գյումրիի տնօրեն Վաչե Երգաթյանը նշեց, որ իրենք մեծ նշանակություն են տալիս միջազգային չափանիշներին համապատասխանող կրթության ապահովմանը՝ պատրաստելով այնպիսի մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային աշխատաշուկաներում։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան առաջարկում է կրթական ծրագիր երեք մասնագիտություններում՝ խոհարարական արվեստ, ռեստորանային սպասարկում և հյուրանոցային ադմինիստրացիա:
Դիմորդների ընդունելությունը կատարվում է ըստ EHL-ի ընդունելության պահանջների և ակադեմիայի հատուկ կարգերի։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայում ուսուցումը հնարավոր է լրիվ և մասնակի կրթաթոշակով՝պարտադիր զինվորական ծառայությունից 2025 թվականին զորացրված երիտասարդների համար, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։ Ակադեմիան սահմանել է նաև անվանական կրթաթոշակներ:
Ընդունելությունը կազմակերպվում է կրթական բոլոր մակարդակների համար՝ առանձին-առանձին։
«Ուսուցումն իրականացվում է անգլերենով։ Ընդունելության դիմումներն ընդունվում են անգլերենի իմացության B1 մակարդակն ապահովելու դեպքում: Քննություններն անցկացվում են ինչպես դասասենյակներում, այնպես էլ գործնական միջավայրում՝ մոդելային սենյակներում, որտեղ ապահովված են տեսանկարահանման հնարավորություններ։ Ծրագիրը, լինելով ճկուն, մատչելի և գրավիչ, հնարավորություն է տալիս 18 տարին լրացած բոլոր նրանց (երիտասարդ և մեծահասակ), ովքեր ցանկանում են աշխատել հյուրընկալության ոլորտում կամ սկսել նոր կարիերա, անցնել մասնագիտական ուսուցում իրենց փորձառությանը համապատասխանող մակարդակից»,-նշեց Ակադեմիայի ծրագրերի ղեկավար Իրինա Իգիթխանյանը։