Տուրիզմ

Հոկտեմբերի 4-ին կանցկացվի «Արենի գինու փառատոն»-ը՝ համախմբելով տասնյակից ավելի գինեգործների

3 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 4-ին կանցկացվի «Արենի գինու փառատոն»-ը՝ համախմբելով տասնյակից ավելի գինեգործների

Գինու լայն տեսականի, համեղ ուտեստներ, համերգային ծրագիր․ Արենի համայնքում հոկտեմբերի 4-ին կանցկացվի «Արենի գինու փառատոն»-ը։ 

Այն համախմբում է արտադրական և տնային տասնյակ գինեգործների, ռեստորանների, երաժիշտների, ազգային երգ ու պարի խմբերի, ձեռագործ իրեր ներկայացնող անհատների և հազարավոր այցելուների։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ կոմիտեն աջակցում է զբոսաշրջային 15 փառատոնի, որոնց թվում է նաև Արենիում սպասվող կարևոր իրադարձությունը։  

«Նման փառատոնները լավագույն ձևերից են մարզերում զբոսաշրջությունն ակտիվացնելու համար։ «Արենի գինու փառատոն»-ն արդեն ունի իր հետագիծը, պատմությունը և սիրված փառատոններից մեկն է»,-ասաց Լուսինե Գևորգյանը։  

«Արենի Փառատոն» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ բավականին հագեցած ծրագրով են հանդես գալիս։  

«Երբ ինձ հարցնում են, թե ինչ նորություններ են լինելու, ես միշտ ասում եմ՝ եկեք Արենի համայնք և տեղում տեսեք, թե ինչ զարգացում է ապրում գյուղը։ Այս տարիների ընթացքում այն անճանաչելիորեն փոխվում է։ Ակտիվ շինարարություն է, նոր հյուրանոցներ ու հյուրատներ են բացվում, ինչը շատ ոգևորում է։ Համայնքի բնակչությունը ոգևորված է ու սպասում է այս փառատոնին։ Տնայնագործական ու արտադրական գինիների պակաս չի զգացվելու։ Փառատոնին մասնակցությունը լավ առիթ է նաև տեղի գեղատեսիլ վայրեր այցելելու, զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելու համար»,-ասաց Նունե Մանուկյանը։ 

Փառատոնի մեկնարկը ժամը 12։00-ին է, այն լինելու է խաղողի ճզմման արարողությամբ։ Սպասվում է նաև համերգային ծրագիր։ «Արենի զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Սյուզաննա Մարգարյանը նշեց, որ նման փառատոնները մեծ ազդեցություն ունեն համայնքային զարգացման վրա։  

«Դա ակնհայտ երևում է տարբեր ոլորտներում։ Մասնավորապես, զբոսաշրջային հոսքի ավելացմանը զուգահեռ համայնքը մեծ աշխատանքներ է կատարում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, զարգանում է հյուրանոցային ու հյուրատնային ուղղությունը։ Համայնքում ունենք 30-ից ավելի հյուրատներ, բազմաթիվ գաստրո բակեր, այս տարի ևս մեկ գինու համտեսի սրահ է բացվել։ Մեր նպատակն է զբոսաշրջիկներին պահել մեր համայնքում։ Արենին խոշորացված համայնք է, և մենք խնդիր ենք դրել հունիսից սկսած բոլոր բնակավայրերում անպայման անցկացնել փառատոններ, բերքի տոն և նմանատիպ այլ միջոցառումներ։ Դա ևս օգնում է, որ տուրիստական այս ակտիվ շրջանում զբոսաշրջիկների հոսքը չպակասի»,-ասաց Սյուզաննա Մարգարյանը։  

Միջոցառումը միտված է Հայաստանի գինեգործական ավանդույթների ու մշակույթի վերհանմանը՝ նպաստելով իրադարձային զբոսաշրջության զարգացմանը, սահմանամերձ համայնքի տնտեսական շարժի ակտիվացմանը և կենսամակարդակի բարձրացմանը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում