Կոմիտասին նվիրված համերգով մեկնարկեց Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը

6 րոպեի ընթերցում

 

Հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը, որն իր շուրջ է համախմբել երաժիշտների Հայաստանից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից և այլ երկրներից, մեկնարկեց սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Երեկոն նվիրված էր Կոմիտասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ու մշակումները կատարեցին երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Արփինե Հարությունյանը, Արմեն Աղաջանյանն ու Լուսինե Հարությունյանը։

Թագվորյանը խոստովանեց՝ փառատոնն իրենց համար առանձնահատուկ և կարևոր իրադարձություն է, որը հնարավորություն է ընձեռում հաղորդակցվել աշխարհահռչակ երգեհոնահարների հետ։ «Նման փառատոններ կարողանում են կազմակերպել զարգացած երկրները, ուստի Հայաստանի համար ևս մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս փառատոնի անցկացումը»,-նշեց նա։

Երաժիշտը կատարեց Կոմիտասի «Օրհնյալ է Աստված», «Գովեա Երուսաղեմ» ստեղծագործությունները։ Նրա խոսքով՝ Կոմիտասը մեր ազգային երաժշտության ակունքն է։ «Ավաղ, Կոմիտասը հատուկ երգեհոնի համար ստեղծագործություններ չի գրել, բայց նրա խմբերգային կամ այլ հոգևոր գործերը հրաշալի են հնչում երգեհոնով, ուստի հաճույքով ենք Կոմիտաս կատարում։ Վահագն Ստամբոլցյանը ոչ միայն Կոմիտասին էր շատ բարձր գնահատում, այլև Գրիգոր Պահլավունուն, Մանդակունիին, Նարեկացուն։ Ստամբոլցյանը հաճախ էր հայ հոգևոր երաժշտություն կատարում և ձգտում էր այն տարածել ամբողջ Խորհրդային միությունում։ Նրա մեծությունը նաև դրանում է. նա աշխարհին ճանաչելի դարձրեց մեր հոգևոր երաժշտությունը»,-շեշտեց երգեհոնահարը։

Մոցարտը երգեհոնը համարել է բոլոր երաժշտական գործիքների թագուհի։ Թագվորյանը շեշտեց՝ երգեհոնը մեծ հնարավորություններվ հարուստ գործիք է. այն մի ամբողջ նվագախմբային հնչողություն կարող է ապահովել։ Ըստ նրա՝ հավանաբար դա հաշվի առնելով է Մոցարտն այն այդպես անվանել։

Անդրադառնալով Հայաստանում երգեհոնային դպրոցի զարգացմանը՝ երաժիշտն ասաց՝ եթե լավ երգեհոնները շատ լինեն, երգեհոնային արվեստով զբաղվեու ձգտումը կմեծանա։ «Մեզ համար կարևոր է, որ մեզնից հետո այս արվեստը շարունակողներ լինեն։ Պատրաստ ենք դասավանդել, ուսուցանել և մեր գիտելիքները փոխանցել երիտասարդներին»,-եզրափակեց նա։

Թերեզա Ոսկանյանը, որը կատարեց Կոմիտասի, Ստեփան Շաքարյանի, Ալան Հովհաննեսի գործերը, չի պատկերացնում երգեհոնային արվեստն առանց փոխադրումների և մշակումների, քանի որ մշակումները շատ են հարստացնում ստեղծագործությունները։ 

Նա Կոմիտասի «Ախ, Մարալ ջան», «Էրվում եմ» գործերը կատարեց բլուլի նվագակցությամբ, իսկ Ալան Հովհաննեսի «Սուրբ Գրիգորի աղոթքը»՝ շեփորի։ «Ես չէի պատկերացնում, որ շեփորի հետ այն այդքան հետաքրքիր կհնչի»,-նշեց երաժիշտը, որը վստահ էր՝ հանդիսատեսը մեծ բավականություն կստանա համերգից։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը հիշեցրեց՝ փառատոնը նախաձեռնել են Հայաստանում երգեհոնային դպրոցը պահպանելու և զարգացնելու մեծ ցանկությամբ։ Դա փառատոնին հաջողվում է, քանի որ հետաքրքրությունը երգեհոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է։

«Եթե առաջ միայն մեկ երիտասարդ երգեհոնահար ունեիքն, ապա այսօր նրանց թիվը կարող է մեծանալ. մասնավոր դպրոցներում բացվում են երգեհոնային դասարաններ, և երեխաները սիրով են գնում սովորելու։ Կարծում եմ՝ այդպես մեզ համար կարևորագույն խնդիր է լուծվում։ Մեր ձեռքբերումներից եմ համարում նվիրված հանդիսատես ունենալը, որի թվում շատ են երիտասարդները, ինչը մեզ ոգևորում է, նշանակալի ձեռքբերում է նաև այն, որ փառատոնն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհի փառատոնային քարտեզի վրա. մենք նամակներ ենք ստանում հայտնի երգեհոնահարներից, որոնք փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնում»,-տեղեկացրեց Սուքիասյանն ու հավելեց՝ չեն կարող շատ մասնակիցների հյուրընկալել, ուստի աշխատում են ամեն տարի տարբեր երկրներից երաժիշտների հետ համագործակցել։ Լինում են երաժիշտներ, որոնք ցանկանում են Հայաստան գալ անհատական համերգներով ներկայանալու համար։

Երրորդ փառատոնին, որը կայցելի ոչ միայն Երևան, այլև Չարենցավան և Կապան, Հայաստան կժամանեն Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան, բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։

Կհնչեն դասական երգեհոնային ստեղծագործություններ, հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ, ինչպես նաև հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:

Փառատոնին, որն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սպասվում է տասը համերգ։ Փառատոնային հաջորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Համերգին հանդես կգա Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան։

 

 

Հայերեն