MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները
3 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի օդերևութաբանության և կլիմայագիտության դաշնային գրասենյակի՝ MeteoSwiss-ի մասնագետները հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը Հայաստանում իրականացրել են Երկրի հիդրոօդերևութաբանական համակարգի ախտորոշման տեխնիկական առաքելություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, առաքելությունն իրականացվել է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» ծրագրի շրջանակում։
Հուլիսի 29-31-ը MeteoSwiss-ի մասնագետները հանդիպումներ են ունեցել «Հայհիդրոմետ»-ի մասնագիտական ստորաբաժանումների հետ։ Քննարկվել են օդերևութաբանական և հիդրոլոգիական դիտարկումների, կանխատեսումների, կլիմայական ծառայությունների, հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման և հաղորդակցության, ռադիոլոկացիոն մոնիթորինգի, աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման, որակի կառավարման ու տեխնիկական կարողությունների զարգացման հարցեր։
Մասնագետներն այցելել են նաև «Հայհիդրոմետ»-ի փորձարկման լաբորատորիա, որտեղ քննարկումներ են անցկացրել մակերևութային ջրերի և մթնոլորտային օդի որակի, հողի, հատակային նստվածքների, հիդրոկենսաբանական մոնիթորինգի և տեխնոլոգիական ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Օգոստոսի 3-4-ին առաքելության անդամներն այցելել են ագրոօդերևութաբանական և աերոլոգիական կայաններ, Սևանի հիդրոօդերևութաբանական դիտարան, ինչպես նաև Ամբերդի և Արագածի դժվարամատչելի օդերևութաբանական կայաններ։
Դաշտային այցերի ընթացքում ուսումնասիրվել են դիտարկումների կազմակերպման, տվյալների հավաքագրման և փոխանցման գործընթացները, ավտոմատ դիտարկման համակարգերի աշխատանքը, ինչպես նաև նոր տեղադրված ավտոմատ ձյունաչափական կայանների կիրառման հնարավորությունները։
Օգոստոսի 5-ին կայացած ամփոփիչ հանդիպման ժամանակ MeteoSwiss-ի տեխնիկական առաքելության անդամներ Ֆրեդերիկ Ֆոգտը և Սաննե Շնայդերը ներկայացրել են հիմնական դիտարկումներն ու նախնական արդյունքները։
Նրանց գնահատմամբ՝ մասնագիտական քննարկումներն ու դաշտային այցերը հնարավորություն են տվել ամբողջական պատկերացում կազմել «Հայհիդրոմետ»-ի կարողությունների, ձեռքբերումների, առկա մարտահրավերների և զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել փորձի ու գիտելիքի փոխանակումը՝ դիտարկումների, կանխատեսումների, կլիմայական ծառայությունների, վաղ նախազգուշացման համակարգերի, տվյալների կառավարման և մասնագետների կարողությունների զարգացման ուղղություններով։
Առաքելության վերջնական արդյունքները կամփոփվեն զեկույցում, որտեղ կներկայացվեն Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի ուժեղ կողմերը, առկա մարտահրավերներն ու զարգացման առաջնահերթությունները։