Երգեհոնային հոգեցունց մեղեդիներն այլ աշխարհ կբացահայտեն ունկնդրի համար. Հայաստանում 3-րդ անգամ կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան փառատոնը

8 րոպեի ընթերցում

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը, որին կմասնակցեն հայկական երգեհոնային դպրոցի լավագույն ներկայացուցիչները, արտերկրից հեղինակավոր երգեհոնահարներ, երաժշտասերներին հնարավորություն կտա նորովի բացահայտել երգեհոնն ու նրա խորհրդավոր հնչյունները։ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր անցկացվող երաժշտական տոնը կայցելի ոչ միայն Երևան, այլև Չարենցավան և Կապան։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանն ընդգծում է՝ փառատոնային օրերին դահլիճը մշտապես մարդաշատ է լինում, ինչին հասել են քրտնաջան աշխատանքի արդյունքում։

Տարիներ առաջ երգեհոնային համերգներ կազմակերպելիս՝  հանդիսատեսի խնդիր են ունեցել. դա է եղել փառատոն հիմնադրելու շարժառիթներից մեկը։ «Երգեհոնային արվեստը պրոպագանդելու, պահպանելու նպատակ կար։ Զգում էինք, որ նոր սերունդն այնքան էլ չի հետաքրքրվում երգեհոնային երաժշտությամբ։ Առաջին փառատոնից հետո արդյունքներն ակնհայտ էին. եթե նախկինում համերգներն անվճար էին, իսկ դահլիճը դժվարությամբ էր լցվում, ապա այսօր մարդիկ վճարում են, իսկ համերգներն անցնում են լեփ-լեցուն համերգասրահներում։ Պատահում է՝ դռների առջև հերթեր են գոյանում։ Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ արտասահմանից  երգեհոնահարները զարմանքով նշում են, որ իրենց երկրներում երգեհոնային արվեստի դարավոր ավանդույթներ կան, սակայն հանդիսատեսի տարիքը միջինից բարձր է, իսկ Հայաստանում դահլիճում հաճախ երիտասարդ զույգերի են նկատում։ Դա ևս մեր փառատոնի հաջողության մասին է վկայում»,-նշում է Սուքիասյանը։ 

Երգեհոնահար, մանկավարժ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը, որի անունը կրում է փառատոնը, շատ տարիներ առաջ է ցանկացել միջազգային փառատոն նախաձեռնել՝ երգեհոնային յուրահատուկ արվեստն առավել տարածելու համար։ 

«Ստամբոլցյանը հսկայական գործ է արել երգեհոնային երաժշտության զարգացման համար. նա Հայաստանում երգեհոնային դպրոցի հիմնադիրն է, նահապետն է։ Նրա ջանքերով Չարենցավանի, Կապանի և Երևանի մի քանի դահլիճներ երգեհոն ձեռք բերեցին։ Խորհրդային տարիներին Ստամբոլցյանը փորձեց միջազգային երգեհոնային փառատոն անցկացնել, բայց այն մեծ հնչեղություն չունեցավ։ Տարիներ առաջ, երբ զրուցում էինք, ասացի, որ կփորձեմ փառատոն կազմակերպել։ Նա ոգևորվեց, բայց խնդրեց փառատոնն իր անունով չկոչել. չափազանց համեստ մարդ էր։ Համաձայնվեցի, բայց, երբ հասունացավ փառատոնի անցկացման ժամանակը,  չկատարեցի նրա ցանկությունը. կածում եմ, որ ճիշտ վարվեցի և փառատոնն այժմ կրում է Վահագն Ստամբոլցյանի անունը»,-պատմում է Սուքիասյանը։ 

Ստամբոլցյանը ճանաչված է եղել Խորհրդային միության երկրներում, իսկ փառատոնի շնորհիվ նրա անունը հնչում է, ճանաչելի է դառնում նաև այլ երկրներում։ 

Այս տարի փառատոնը հյուրընկալելու է համբավավոր երգեհոնահարների Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից. Հայաստան կժամանեն Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան, բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։ 

Կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես Էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ, ինչպես նաև հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: 

«Մեր կենտրոնի երգեհոնը հոլանդական է։ Նախորդ տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորման շնորհիվ Նիդեռլանդներից ժամանած վարպետները հիմնովին վերանորոգեցին այն։ Գործիքը երբեք չէր վերանորոգվել։ Կարևորում ենք մեր կապը հոլանդական երգեհոնային դպրոցի հետ և ամեն տարի այնտեղից մասնակից ենք ունենում։ Այս տարին բացառություն չէ։ Երգեհոնահարներից Ադրիան Հոեկը Նիդեռլանդներից է ժամանելու Հայաստան»,-ընդգծում է Սուքիասյանը։ 

Նա կարևորում է այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին հրաշալի կոմպոզիտորական ստեղծագործություններ են գրվել երգեհոնի համար, հետո սակավություն է նկատվել, իսկ այժմ դաշտն ակտիվանում է։ «Կոմպոզիտորին հարկավոր է կատարող, եթե կատարող կա, բնականաբար, նրա ստեղծագործությունը թղթի վրա չի մնա։ Ակտիվացել է երգեհոնային գործերի ստեղծումը, ինչը հրաշալի է, մեծացել է երիտասարդների հետաքրքրությունը գործիքի հանդեպ։ Հինգ կամ վեց տարի առաջ ընդամենը մեկ երիտասարդ երգեհոնահար ունեինք, ինչը ողբերգական իրողություն էր, քանի որ գալու էր մի պահ, որ կանգնելու էինք դպրոցը պահպանելու խնդրի առաջ։ Այսօր կան մասնավոր դպրոցներ, որոնք երգեհոն են գնում և բացում են երգեհոնի դասարաններ։ Այդ երեխաները վաղը կունենան դաշտ, ապագա, երաժշտական կարիերա»,-կարծում է փառատոնի հիմնադիրը։ 

Անդրադառնալով Կապանին և Չարենցավանին՝ Սուքիասյանը շեշտում է՝ փառատոնը հյուրընկալվում է այն քաղաքներում, որոնք երգեհոն ունեն։ Նա փաստում է՝ գործիքները վերանորոգման կարիք ունեն, բայց բավականին լավ վիճակում են. արտերկրի երաժիշտները ևս ելույթներ են ունենում մարզային քաղաքներում և սիրով են նվագում տեղի հանդիսատեսի համար։ 

Փառատոնը նաև փորձի փոխանակման հնարավորություն է տալիս։ Վարպետության դասերը, փառատոնի ընթացքում ծավալվող քննարկումները ոգևորում են թե՛ հայ, թե՛ օտար երաժիշտներին։  

«Նախորդ տարի Իտալիայից ժամանած երգեհոնահարը, որը երգեհոնի փառատոն է անցկացնում, մեր երգեհոնահարին հրավիրեց մասնակցել այդ փառատոնին։ Կարևոր է նաև այն, որ արտերկրից մասնակիցներին առաջարկում ենք անպայման կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Վահագն Ստամբոլցյանը ժամանակին հրապարակել էր կանաչ գրքույկ, որում հայ երգեհոնային երաժշտության մշակումներ են։ Այդ գրքից նյութեր ենք տալիս երաժիշտներին, նրանք էլ իրենց ընտրությամբ որևէ գործ են կատարում։ Նախորդ տարի Նիդեռլանդներից ժամանած մասնակիցն ինձ ուղարկեց մի տեսագրություն, որում նա իրենց քաղաքի եկեղեցում պատարագին կատարում էր Մխիթար Այրիվանեցու «Սիրտ իմ սասանի»  ստեղծագործությունը։ Մեզ մոտ բավականին հետաքրքիր միջմշակութային շփումներ են ստեղծվում, որոնք ամուր կապերի հիմք են դառնում»,-ասում է Արմեն Սուքիասյանը։ 

Փառատոնի բացման համերգը, որին ելույթ կունենան Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Արփինե Հարությունյանը, Արմեն Աղաջանյանն ու Լուսինե Հարությունյանը, տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Այն նվիրված է Կոմիտասին: 

«Պարոն Ստամբոլցյանն ուներ երաժշտական երկու սրբություն. մեկը Կոմիտասն էր, մյուսը՝ Բախը։ Այդ երկու գագաթները նրա համար շատ կարևոր էին։ Բացման համերգը նվիրել ենք Կոմիտասին, իսկ փակման համերգը, որը տեղի կունենա դեկտեմբերին, նվիրված կլինի Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին: Այլ կոմպոզիտորների գործեր ևս հնչելու են՝ Հենդել, Վիվալդի, Ալան Հովհաննես և այլն։ Կլինեն նաև պրեմիերաներ»,-տեղեկացնում է փառատոնի հիմնադիրը։ 

Փառատոնին, որն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սպասվում է տասը համերգ։ 

Հայերեն Русский

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը