Հայաստանի շուրջ 70 ընկերություն առաջարկ է ներկայացրել Երևանում կայացած աշխատանքի տոնավաճառում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 5-րդ տարին անընդմեջ կազմակերպել է Աշխատանքի տոնավաճառ: Այս անգամ միջոցառմանը ներկայացել էին հայաստանյան շուրջ 70 առաջատար ընկերություններ և կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց մոտ առկա թափուր հաստիքները, կարիերայի կառուցման և զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։

Տոնավաճառն ավանդաբար հասցեագրված է տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող մարդկանց, այդ թվում՝ ուսանողներին: Վերջիններս ակնհայտորեն գերակշռում էին հետաքրքրվածների հոծ բազմությունում: 

Այդ հանգամանքին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց նաև նշված համալսարանի կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը:

«Սա ինքնատիպ հարթակ է գործատուների և աշխատանք փնտրողների միջև համագործակցության ձևավորման համար: Հիմնականում մասնակցում են Հայաստանի առաջատար ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման և կադրերի ներգրավման բաժնի մասնագետները, որոնք հնարավորություն են ունենում անմիջականորեն շփվելու աշխատանք փնտրողների հետ: Նախորդ տարիների փորձը փաստում է, որ տոնավաճառի գործելու մի քանի ժամվա ընթացքում միջինում առնվազն 30-35 մարդ կարողանում է աշխատանքի տեղավորվել: Այցելուների շարքում բավականին շատ են ուսանողները, որոնք գործատուների հետ պայմանավորվածության հանգելու դեպքում ստանում են կարճաժամկետ պրակտիկա անցնելու հնարավորություն: Հիմա մեր ուսանողները 2-3-րդ կուրսից սկսած փորձում են ինտեգրվել աշխատանքի շուկային, և մենք ձգտում ենք նրանց ընձեռել այդ հնարավորությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

Տաթև Վարդանյանը հայտնեց նաև, որ առաջարկվող թափուր հաստիքները նեղ մասնագիտական չեն, ինչը հեշտացնում է աշխատանք գտնելու հնարավորությունը:

Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանն էլ նշեց, որ իրենց ծառայությունը ներկայացրել է գործընկերների տրամադրած բոլոր թափուր աշխատատեղերի ցանկը:

«Ունենք ավելի քան 5 հազար թափուր աշխատատեղի հայտ՝ Հայաստանի ողջ տարածքից: Ավելի քան երկու հազար աշխատանքային առաջարկ ստացվել է Երևանից: Դրանք ստացվել են ամենատարբեր ոլորտներից ու վերաբերում են տարբեր մասնագիտությունների և հաստիքների: Դրանք ներկայացնում ենք աշխատանք փնտրողներին և նրանց ուղղորդում ենք կա՛մ գործատուի մոտ, կա՛մ էլ՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որպեսզի մեր գործընկերները գնահատեն և համադրեն թեկնածուների մասնագիտական որակները և համապատասխանությունը տվյալ թափուր հաստիքի պահանջներին»,- նշեց նա:

Հրայր Հակոբյանը տեղեկացրեց, որ շատ են հատկապես առևտրի, սպասարկման, շինարարության և արդյունաբերության ոլորտներում, կարի արտադրամասերում, սննդի արտադրության բնագավառում աշխատանք փնտրողները:

«Վիճակագրությունը հուշում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում բավականին նվազել է գործազուրկների թիվը: Ներկայում մեր ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված է աշխատանք փնտրող մոտ 50 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 35 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ: Գործազրկության կրճատմանը որոշակիորեն նպաստել է նաև այս տոնավաճառը: Իհարկե, ունենք բազում ծրագրեր (այդ թվում զբաղվածությանն առնչվող), որոնց միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց ակտիվացնում և ուղղորդում ենք դեպի աշխատաշուկա: Աշխատանքի տոնավաճառն անչափ կարևոր նախաձեռնություն է բոլոր առումներով: Այն, միանշանակ, հետաքրքիր է շահառուների համար՝ նաև աշխատաշուկայի վերաբերյալ պատկերացում կազմելու առումով»,- եզրափակեց Հրայր Հակոբյանը: 

Հայերեն

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

«Նոր գիրք»-37/26. Բուրդո, Վեռն, Չարան, Դրոթեր, Նոել, Ջոնասեն

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Բրազիլում կայացել են նախագահական ընտրությունները. Բոլսոնարուն և Լուլա դա Սիլվան կմրցեն երկրորդ փուլում

Արարատ Միրզոյանը ժամանել է Թեհրան

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում. Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին