Սպորտ

«Նոա»-ն Էջմիածնում գերժամանակակից մարզադաշտ կկառուցի. կառավարությունը հաստատեց ներդրումային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

«Նոա»-ն Էջմիածնում գերժամանակակից մարզադաշտ կկառուցի. կառավարությունը հաստատեց ներդրումային ծրագիրը

Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը Էջմիածին քաղաքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից մարզադաշտ կկառուցի՝ մոտ 15․000 հանդիսական տեղավորող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլային ակումբը ներկայացնող «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված ավելի քան 7 մլրդ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը հաստատվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում։

«Ծրագիրը կկայանա երկու փուլով. առաջինով նախատեսված է մինչև 2030թ․ վերակառուցել և արդիականացնել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան։ Երկրորդ փուլով նախատեսվում է կառուցել մարզադաշտը՝ հարակից ենթակառուցվածքներով՝ սննդի, ժամանցի կետերով, որը հնարավորություն կտա նաև միջազգային մրցաշարեր հյուրընկալել»,-ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կառավարությունը կենտրոնացած է նաև Ակադեմիական քաղաքում մեծ ազգային ստադիոնի և մի քանի այլ մարզադաշտերի կառուցման հարցի շուրջ, որոնցում հնարավոր կլինի միջազգային խաղեր անցկացնել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսքով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում նաև Վանաձորում ՈՒԵՖԱ-ի 4-րդ դասի մարզադաշտ ունենալու ուղղությամբ։

«Հիշեցնեմ, որ Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել 2029թ․ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու ուղղղությամբ»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։

Վաղարշապատում կառուցվելիք համալիրը բացի մարզադաշտից կներառի նաև բարձրակարգ հյուրանոցային համալիր, փակ մարզադաշտ, հանրակրթական դպրոց, սպորտային մարզասրա, լողավազան, գիշերակացի հանրակացարան, ֆուտբոլային ակադեմիա, 4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում