«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում գործարար Արշավիր Մինասարյանը հանդես է եկել մոտիվացիոն բանախոսությամբ
4 րոպեի ընթերցում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման 48-րդ բանախոսությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից, այս անգամ հյուրը հայաստանյան ու միջազգային բիզնես միջավայրում մեծ փորձ ունեցող գործարար Արշավիր Մինասարյանն էր։ Շուրջ 100 մասնակից եկել էին լսելու նրա «Կրթություն, երազանքներ և առաջնորդություն․ ճանապարհ դեպի հաջողություն» խորագրով ոգեշնչող բանախոսությունը։
«Արշավիրը ներկայումս ղեկավարում է Եվրասիայի ամենամեծ շոկոլադի և հրուշակեղենի գործարանի շինարարական նախագիծը, որը կառուցվում է Հայաստանում։ Նախկինում նա ղեկավարել է «Պեպսի» գործարանները Հայաստանում և Վրաստանում՝ ձևավորելով արդյունավետ թիմեր, զարգացնելով տարածաշրջանային մատակարարման շղթաներ և ամրապնդելով գործարար մշակույթը։ Նրա մասնագիտական ճանապարհը հարստացրել է նաև Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցում ստացած կրթությունը՝ բիզնեսի կառավարման և առաջնորդության ոլորտում։
Արշավիր Մինասարյանն իր բանախոսությունը սկսեց շնորհակալական խոսքով` ուղղված «Իմ քայլը» հիմնադրամին և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին, այս բացառիկ նախաձեռնության և առհասարակ այս նոր մշակույթի ձևավորման ու տարածման գործում ունեցած անգնահատելի մեծ ներդրման համար: Իր ելույթում Արշավիր Մինասարյանը անդրադարձավ անձնական վերելքներին ու դժվարություններին, որոնց միջով անցել է՝ կառուցելով իր բիզնես ճանապարհը։ Նրա խոսքը աչքի էր ընկնում անկեղծությամբ, հումորով, և ամենակարևորը՝ հիմված էր սեփական կենսափորձի ընթացքում կուտակած ողջ գիտելիքի վրա։ Նա մասնակիցներին հորդորեց չվախենալ «կրակել դեպի աստղերը» և երբեք չդադարել երազել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Կյանքը շատ անկանխատեսելի է։ Պետք է սովորել հաճույք ստանալ բոլոր փուլերից, քանի որ ինչքան էլ բարդ լինի մթությունից հետո, առավոտը միշտ գալիս է։ Եթե դիմացար, կհաղթահարես այդ մթությունն, ու առավոտը հաստատ կբացվի։ Խնդրում եմ` այդ վայրիվերումներով լի ճանապարհին չդադարե՛ք երազել»,- ասել է նա։ Բանախոսը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին պետության վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ էապես փոխվել է դեպի դրականը՝ ստեղծելով բացառիկ պայմաններ նոր բիզնեսներ սկսելու և գործողները զարգացնելու համար։
«Բանախոսությանը հաջորդեց ակտիվ հարցուպատասխանի հատվածը։ Մասնակիցները հետաքրքրությամբ լսում էին բանախոսի սպառիչ պատասխանները բիզնեսում առաջին քայլեր անելու, վերահսկողության համակարգերի վերաբերմունքի, աշխատանքի ընդունման բարդությունների, ղեկավարի որակական հատկանիշների, աշխատակիցների խրախուսման մեթոդների և առաջնորդության թեմաների վերաբերյալ։
Ելույթի ազդեցությունն այնքան մեծ էր, որ մասնակիցներից մեկը՝ մասնագիտությամբ ուսուցչուհի, հենց տեղում հրավիրեց Արշավիրին իրենց դպրոց՝ այս նույն բանախոսությամբ հանդես գալու երիտասարդ սերնդի առջև, որն Արշավիրը ուրախությամբ ընդունեց»,- հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։