Հայ-ֆրանսիական բարեկամության նոր դեսպաններ. ՀՖՀՀ-ն դեպի կյանքի նոր փուլ ճանապարհեց «Կոմիտաս»անունը կրող իր շրջանավարտների հոսքին

9 րոպեի ընթերցում

Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Կոմիտաս» անունը կրող շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունն այս տարի առանձնահատուկ էր․ բուհը նշում է իր 25-ամյակը։ Տոնական արարողության շնորհավորական ուղերձներում շեշտվեց ապագայի պատասխանատվությունը, կրթության արժեքը, միջազգային համագործակցության նշանակությունը և իհարկե հայ-ֆրանսիական բարեկամության արժեքների պահպանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավարտեցին համալսարանի կառավարման, մարքեթինգի, ֆինանսների, իրավագիտության և ԻԿՄ ֆակուլտետների շրջանավարտները։ Այս տարի ավարտեցին նաև արհեստական բանականության մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները։ Միջոցառման ընթացքում անվանական մրցանակներ ստացան 2025 թվականի շրջանավարտների կողմից ընտրված 3 ուսանող ու 6 դասախոս: 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Սալվա Նակուզին շնորհավորելով ուսանողներին ու նրանց ծնողներին նշեց, որ այս տարվա դիպլոմների հանձնման արարողությունը բացառիկ է, քանի որ այս տարի նշում են համալսարանի 25-ամյակը։ 

«Անդադար ջանքերի, քրտնաջան աշխատանքի և հաջողությունների 25 տարի, որոնց շնորհիվ այսօր ՀՖՀՀ-ն տարածաշրջանի լավագույն համալսարաններից է։ 

Այս տարիները, սակայն, նշանավորվել են նաև փորձություններով՝ թե՛ անհատական, թե՛ համընդհանուր։ 5 տարի առաջ սեպտեմբերին սկսվեց պատերազմ, որը խլեց բազում կյանքեր, այդ թվում նաև՝ մեր 13 ուսանողների կյանքը։ Նմանատիպ փորձությունները պարտավորեցնող են։ Այսօր մենք պետք է նայենք դեպի ապագա էլ ավելի շատ պատասխանատվությամբ, ողջախոհությամբ և ներգրավվածությամբ։ Թող զոհերի հիշատակը կենդանի մնա և շարունակի մեզ ոգեշնչել»,- ասաց ռեկտորը:

Նա նշեց՝ 2025թվականի շրջանավարտների հոսքը, կրում է Կոմիտասի անունը՝ հայ մշակույթի խորհրդանշական կերպար, տոկունության, հիշողության և համամարդկային արժեքների մարմնավորում։ 

«Նրա օրինակով դուք կարողացաք երկխոսություն ստեղծել ձեր արմատների և աշխարհի, ձեր պատմության և ապագայի միջև։ Բոլորիդ մաղթում եմ փայլուն ապագա և խորհուրդ եմ տալիս լինել հետաքրքրասեր, սովորել ամեն օր և հանձն առնել Հայաստանի և աշխարհի լավագույն ապագայի պարտավորությունը։

Ձեզ փոխանցում ենք ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող աշխարհ, ձեզ ծանր գործ է սպասվում` հաղթահարելու անարդարությունները, նպաստելու ժողովրդավարությանը և նորոգելու մեր մոլորակի վնասվածքները։ 

Չմոռանաք ձեր մայր բուհը, դուք այսուհետ մաս եք կազմում համալսարանի մեծ ընտանիքի, որը հարուստ է իր ավելի քան 3600 շրջանավարտներով, ովքեր հույսեր են կապում ձեզ հետ՝ ջահը սերնդեսերունդ փոխանցելու համար»,- եզրափակեց Սալվա Նակուզին:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություն։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ։ Այն խորհրդանշում է կյանքի մեկ փուլի ավարտ և նոր՝ մասնագիտական ճանապարհի սկիզբ։

Հույս ունեմ, որ դուք ձեր ներդրումը կունենաք Հայաստանի զարգացման, տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման գործում և կդառնաք հայ-ֆրանսիական բարեկամության դեսպաններ։ Կուզենայի, որ շատերդ ձեր հետագա գործունեությունը կապեք նաև գիտության ու կրթության հետ»,- նշեց փոխնախարարը:

Մարտիրոսյանն ընդգծեց՝ այս տարի Հայաստանում ֆրանսիական համալսարանը նշում է իր 25-ամյակը, որը ոչ միայն կարևոր օղակ է Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակում, այլև առանձնահատուկ տեղ ունի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում։ Ֆրանսիական գործընկերների ներդրած ավանդույթները և համագործակցությունները դարձնում են բուհը եզակի։

«Վերջերս համալսարանը համագործակցության համաձայնագիր է կնքել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, ինչը ևս մեկ քայլ է կրթության որակի բարձրացման ուղղությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի ղեկավարությանը, ուսանողներին, նրանց ընտանիքներին, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանությանը և բոլոր գործընկերներին՝ աջակցության համար»,- եզրափակեց ԿԳՄՍ փոխնախարարը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց․«Այսօր դուք նշում եք ոչ միայն ուսման ավարտը, այլև կյանքի նոր փուլի սկիզբը։ Ձեր քրտնաջան աշխատանքը, անքուն գիշերներն ու քննությունների դժվարությունները պսակվում են կրկնակի դիպլոմով՝ հայկական և ֆրանսիական, որը շնորհում են երկու հեղինակավոր ֆրանսիական համալսարաններ։ Այս դիպլոմը բարձր վստահության գրավական է գործատուների համար և ապահովում է գրեթե հարյուրտոկոսանոց զբաղվածություն։

Ձեր հաջողությունը ձեր աշխատանքի և ձեր ընտանիքների աջակցության արդյունքն է։ Հիշեք՝ որտեղ էլ աշխատեք, դուք նաև ֆրանսիական համալսարանի և հայ-ֆրանսիական բարեկամության դեսպաններն եք»:

Քսավիե Ռիշարն ընդգծեց՝ արհեստական բանականության արագ զարգացումը փոխում է առկա մասնագիտությունները և որոշումների կայացման ձևերը, սակայն հենց ուսանողների ստացած կրթությունն է, որ թույլ կտա գնահատել ու օգտագործել այս նոր հնարավորությունները։ 

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի փոխնախագահ Լյուդովիկ Պայեն նշեց, որ իր շնորհավորանքը փոխանցում է ոչ միայն իր, այլև համալսարանի նախագահի անունից, որը, ցավոք, այդ օրը ներկա չէր կարող լինել։ Նա ընդգծեց, որ այս խոսքերը ուղղված են ամբողջ համալսարանի անունից, որի լիիրավ ուսանողներն են շրջանավարտները, թեև նրանք գտնվում են Հայաստանում։ Նա հավելեց, որ շնորհավորանքներ են փոխանցում նաև Լիոնի համալսարանի դասախոսները, որոնք հաճախ են եկել դասավանդելու, ինչպես նաև վարչական և տեխնիկական անձնակազմը։ Բոլորը, նրա խոսքով, իրենց ներդրումն են ունեցել շրջանավարտների հաջողության մեջ և ցավով են նշել, որ չեն կարողացել ներկա լինել՝ անձամբ շնորհավորելու։

Այնուհետև փոխնախագահը, դիմելով շրջանավարտներին, ասաց․ « Ստացած դիպլոմը պարզապես թուղթ չէ․ այն խոսում է ձեր ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների մասին և խորհրդանշում է ձեր նվաճումները։ Այժմ այդ գիտելիքներն ու հմտությունները դուք պետք է ի նպաստ դնեք ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար՝ այս արագ փոփոխվող ժամանակներում։

Դիպլոմը հնարավորություն կտա ձեզ ներգրավվել մասնագիտական աշխարհում։ Սա ձեր և համալսարանի անխոնջ աշխատանքի արդյունքն է, ինչպես նաև մեր գործընկեր համալսարանների ու գործընկեր կառույցների։ Կարևոր է նաև այն փաստը, որ դուք տիրապետում եք մի քանի լեզուների, այդ թվում՝ ֆրանսերենին, որը լայն հնարավորություն է տալիս միջազգային հարթակում»:

Համալսարանի փոխնախագահը նաև մաղթեց ուսանողներին, որ շարունակեն զարգացնել իրենց ֆրանսերենի գիտելիքները, քանի որ մշակույթների հետ շփումը մշտապես հարստացնում է մարդուն։ 

«Դուք ձեր օրինակով նպաստելու եք ֆրանսիական համալսարանի հաջողությանը, որովհետև համալսարանի ուժը նաև իր ուսանողների ու շրջանավարտների անքակտելի կապի մեջ է։ Ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես են Երևանի և Լիոնի շրջանավարտներն ու ուսանողները համերաշխ գործում միասին։

Եվ վերջում ցանկանում եմ մաղթել, որ կարողանաք պահպանել այդ կապն ու համերաշխությունը նաև ուսման ավարտից հետո՝ ի նպաստ մեր հասարակությունների զարգացման»,- եզրափակեց նա: 

Շրջանավարտներին դիմեց նաև Թուուզի համալսարանի ներկայացուցիչ, ԻԿՄ ֆակուլտետի համադեկան Ալեն Կրուզիլըէ նշելով․ «Դուք այժմ ՀՖՀՀ-ի և գործընկեր համալսարանների դեսպաններն եք։ Հուսով եմ՝ ձեզնից ոմանք կվերադառնան մայր բուհ դասավանդելու և իրենց ներդրումն ունենալու սերունդների կրթման մեջ։ Ձեր հաջողությունը մոտիվացիայի աղբյուր է ՀՖՀՀ-ի բոլոր ուսանողների համար և ներշնչանք՝ հայ երիտասարդության համար։ Թուլուզի համալսարանի անունից շնորհավորում եմ ձեզ և մաղթում լավագույն ապագա»։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ