Մշակույթ

Ամերիկաբնակ նկարիչ Մինաս Հալաջյանի ինքնատիպ Անահիտ աստվածուհին մուրալի տեսքով կզարդարի Երևանը

12 րոպեի ընթերցում

Ամերիկաբնակ նկարիչ Մինաս Հալաջյանի ինքնատիպ Անահիտ աստվածուհին մուրալի տեսքով կզարդարի Երևանը

Նկարիչ Մինաս Հալաջյանը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։ Նրա յուրահատուկ աշխատանքները, որոնցում մարդու և բնության հարաբերություններն են, հնարավոր է գտնել հոլիվուդյան աստղերի անձնական հավաքածուներում, Սպիտակ տանը, Մարկ Ռոթկոյի անվան արվեստի կենտրոնում և այլուր։ Աշխարհի հզորագույն երկրներից մեկում լայն ճանաչում գտած նկարիչը խոստովանում է՝ իրեն լիցքավորում, ոգևորում, ստեղծագործելու նոր շունչ է տալիս Հայաստանը, ուր նա պարբերաբար վերադառնում է։

Այս անգամ նկարչին հայրենիք է բերել Անահիտ աստվածուհին, որը մուրալի տեսքով իր ուրույն տեղը կգտնի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պատին։

«Արմենպրես»-ի թղթակիցը բաց չի թողել նկարչի, ինչպես նաև մուրալ նախագծերի հեղինակ և ղեկավար  Դավիթ Խաչատրյանի հետ զրուցելու հնարավորությունը։ Նրանք արդեն սկսել են մուրալի ստեղծման գործընթացը։

Մինաս Հալաջյանը ծնվել է Երևանում, որտեղ ապրել է քսանմեկ տարի, սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2002-ին տեղափոխվել է ԱՄՆ։ 

«Ցանկանում էի մի նոր բան փորձել, ուսումնասիրել ամերիկյան արվեստը, քանի որ վերջին շրջանում Ամերիկան արվեստ թելադրող երկիր է։ Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում շարունակեցի կրթությունս և հաստատվեցի այնտեղ՝ ստեղծագործելու, արվեստն առավել խորքային ուսումնասիրելու համար»,-նշում է Հալաջյանը։

Նկարչին հաջողվել է յուրահատուկ ոճի, ձեռագրի շնորհիվ իր ստեղծագործությունների վրա հրավիրել անգամ ամենաքմահաճ արվեստասերների, արվեստագետների ուշադրությունը, ինչի արդյունքում Հալաջյանի «Հուլիսի 4» ստեղծագործությունը՝ նվիրված ԱՄՆ-ի անկախությանը,  տեղ է գտել Սպիտակ տանը, իսկ այլ գործեր ձեռք են բերել հայտնի դերասաններ Ջիմ Քերրին, Բիլի Զեյնը և այլք։

Հալաջյանը վստահ է՝ կարողացել է հաջողությունների հասնել աշխատասիրության շնորհիվ։ 

«Ինքնամոռաց պետք է աշխատել ինչ-որ բանի հասնելու համար։ ԱՄՆ-ն նաև բարդ երկիր է։ Այնտեղ դժվար է կայանալը, պահանջները շատ են, առօրյան հագեցած է ու ծանր, սակայն ես հավատացի ինձ, իմ ուժերին, իմ երազանքներին։ Երազում էի իմ արվեստով գոյատևել, ապրել ու ճաշակ թելադրել։ Երազելը կարևոր է. երբ երազում ես, ամեն քայլ անում ես այդ երազանքներն իրականացնելու համար»,-շեշտում է նա։

Հալաջյանը չի ցանկանում փիլիսոփայորեն մոտենալ իր ստեղծագործություններին և վստահեցնում է՝ իր նկարչությունը բավականին պարզ է։ Նա ընդգծում է մարդու և բնության հարաբերությունները, ցույց տալիս, թե ինչպես է մարդը ծնվել բնությունից, ինչին հավատում է, երկրպագում է։ 

«Երբեմն օգտագործում եմ առարկաներ, որոնք առաջին հայացքից անպետք են՝ հագուստ, կտորներ, որոնք հարկավոր են կոլաժների համար, որոնց վրա նկարում եմ։ Իմ աշխատանքներում ժամանակակից մարդն է, որն ապրում է մեգապոլիսներում, որտեղ հիմնականում միայնակ է»,-ասում է նկարիչը։

Նրա աշխատանքների անբաժան մասն են բնության ամենագեղեցիկ ստեղծագործություններից ծաղիկները, որոնք ձուլվում են մարդուն, գեղեցկացնում են նրան։ 

«Ծաղիկները մեր մեջ են. մեր երակներն ասես նրանց արմատները լինեն։ Բնության մի մասն ենք մենք։ Մի քիչ բուդիստական փիլիսոփայություն կա դրանում։ Կարծում եմ՝ մարդը պետք է իր ներսը նայի, իր գույնը գտնի։ Մենք խառնվում ենք բոլորին ու կորցնում ենք մեզ։ Ես գտել եմ ինձ։ Գտել եմ մի աշխարհ, որն ինձ է պատկանում և առաջին նկարիչներից էի, որ համադրեց ծաղիկները մարդու դեմքի հետ։ 15 տարի առաջ նման գաղափար ծնվեց, երբ չկար արհեստական ինտելեկտը, ֆոտոշոփն անգամ հաճախ չէր օգտագործվում։  Ծաղիկներով սկսվեց իմ աշխարհը։ Առաջինը Floral Minds շարքն էր, հիմա աշխատում եմ «Թիթեռներ» շարքի վրա։  Շարքերով եմ աշխատում. մի նկարով չեմ հագենում»,-խոստովանում է Հալաջյանը։

Floral Minds շարքում հավանաբար 80 աշխատանք կա. 99 տոկոսն անձնական հավաքածուներում են։ Անահիտ աստվածուհուն նվիրված աշխատանքը ևս այդ շարքից է, կոչվում է Floral Anahit:

Նկարչին գրավում է այն փաստը, որ իր ստեղծածը հայտնվում է լավ միջավայրում և «հաղորդակցվում» է մարդկանց հետ։

Երբեմն ցանկանում է կրկին տեսնել այն աշխատանքները, որոնք նվիրել է, որոնք գնել են, սակայն բավարարվում է լուսանկարները նայելով։ Կարևորը՝ ապահով ձեռքերում են։ Ի վերջո՝ ինչ ստեղծում է, միայն իրենը չէ, բոլորինն է։ Պարբերաբար ստեղծագործական դադար է վերցնում նոր գաղափարների համար։ Այդ գործում նրան օգնում է հայրենիքը։

«Հայաստան գալով լիցքավորվում եմ։ Ընկերներիս հետ հիշում ենք մեր անցածը, ապրածը։ Նկատում եմ փոփոխությունները, նորովի եմ ընկալում երկիրը։ Նկատում եմ, որ Հայաստանում շատացել են օտարազգիները, նոր շինությունները։ Հիշում ես մանկությունդ ու այս իրականությունը համեմատում ես այն իրականության հետ, որում էիր։ Կապված եմ Երևանի հետ. թեպետ շատ եմ ճամփորդել, եղել աշխարհի տարբեր երկրներում, քաղաքներում, բայց Երևանը համար մեկ քաղաքն է ինձ համար»,-նշում է նկարիչը։

Երևանն ակնհայտ չի արտացոլվում նրա ստեղծագործություններում, սակայն զգայական, վերացական իմաստով ներկա է։ Ասում է՝ այդ էներգիան կարող է արտահայտվել բոլորովին այլ պատկերներում։

Հալաջյանը կարծում է՝ արվեստագետը պետք է ինքնատիպ լինի, բայց ինքը չի մտածում այդ մասին։ 

«Չես կարող որոշել լինել օրիգինալ։ Կամ այդպիսին ես, կամ՝ չես։ Նկարչությունը մտածելու մասին չէ, այն զգայական արվեստ է։ Նկարիչը տարբեր փուլերով է անցնում։ Սկզբում շատ նկարիչների է ուսումնասիրում, հասկանում նրանց։ Գալիս է մի փուլ, որ ի վերջո գտնում է իրենը։ Լավ է նկարել իմանալը, բայց ստեղծագործելիս պետք է մոռանալ այդ մասին։ Մոռանում ես ու դառնում ես դու։  Ուզես, թե չուզես, մի օր քեզ նման ես քայլելու, քեզ նման ես մտածելու»,-հավաստիացնում է նա։

Մինչ իրեն գտնելը, ինչպես Հալաջյանն է ասում, շատ նկարիչների է ուսումնասիրել, փորձել հասկանալ, թե ինչ են մտածել ստեղծագործելիս, ինչ են զգացել։ Այդ հարցերը մինչ օրս ինքն իրեն տալիս է, դժվարությամբ, բայց երբեմն գտնում է պաստասխաններ։ 

Մինաս Հալաջյանը պատահական չի հայտնվել արվեստի ոլորտում. հայրը  նկարիչ Սամվել Հալաջյանն է։ 

«Հայրս իմ ամենամեծ ուսուցիչն է մինչ օրս։ Իմ ամբողջ կյանքում պարտական եմ լինելու նրան, որովհետև նրա հետ մեծ փորձությունների միջով եմ անցել։ Նա չէր ցանկանում, որ նկարիչ դառնայի, հորդորում էր ընկերներիս հետ ֆուտբոլ խաղալ, քանի որ նկարչությունը բարդ բան էր համարում։ Պետք է կարողանաս նկարել ու իմանալ քո տեղը, իմանալ, թե ինչ ես ցանկանում ասել»-շեշտում է Մինասն ու հավելում՝ հոր հետ տարբեր ձեռագրեր ունեն, խառնվածքով ևս տարբեր են. Սամվել Հալաջյանն ավելի էմոցիոնալ էր, արվետում անկանխատեսելիույթուն էր սիրում։ Իր պարագայում այլ է։ Մինաս Հալաջյանն իր նկարչությունը որոշ իմաստով նպատակային է համարում։ Նպատակ է դնում վերադառնալ որևէ շարքի, ինչն իրեն հաջողվում է։

Ութ տարի առաջ նա մուրալ է ստեղծել Վիեննայի արվարձաններից մեկում։ Հերթը Երևանինն է։ 

«Դրսում ապրելով՝ ավելի ես գնահատում հայկական մշակութային արժեքներն ու փորձում ես պահպանել դրանք, իսկ Անահիտը գեղեցկության խորհրդանիշն է, պտղաբերության աստվածուհին է։ Կարծում եմ՝ Երևանում նրա մուրալը և՛ գեղեցիկ կլինի, և՛ հետաքրքիր, այն և՛ հայկական է, և՛ մոդեռն»,-ասում է Հալաջյանը, որը հիմնականում նկարում է  փայտի վրա և մեծամասամբ աշխատում է արվեստանցում։

Անահիտ աստվածուհու երևանյան մուրալը նրա երբևիցե նկարած ամենամեծ գործը կլինի։ Այն կունենա 18 մետր բարձրություն, 10 մետր լայնք։ 

Մուրալի ստեղծման գաղափարը պատկանում է Դավիթ Խաչատրյանին, որը ձգտում է Երևանին նվիրել բարձրորակ նյութերով ստեղծված մուրալներ, որոնք կդառնան քաղաքի մշակութային կյանքի կարևոր մասը։ Նրա ջանքերով ստեղծվել են «Ժպտացող հայուհի», «Մուտք դեպի մեծ արվեստ», «Ընդվզում» մուրալները։

«Անահիտ աստվածուհու մուրալը յուրահատուկ և մոդեռն կլինի։ Սա մեր ամբիցիոզ նախագծերից մեկն է լինելու, որը հիացնելու է արվետասեր հասարակությանն ու  կրթական, գեղագիտական, դաստիարակչական ազդեցություն է ունենալու»,-ասում է Խաչատրյանը։

Նախորդ տարի Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ ցուցահանդեսը, որի շրջանակում Բրիտանական թանգարանից Երևան էին բերվել Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը։ Այդ ցուցադրությունը ևս դերակատարություն է ունեցել մուրալի ստեղծման գաղափարի գործում։

«Անահիտից բացի Մինասը բազմաթիվ այլ հետաքրքիր աշխատանքներ ունի, սակայն Անահիտի ընտրությունը ամենաճիշտն էր։ Հույս ունեմ, որ հետագայում էլ կհամագործակցենք»,-նշում է նախագծի հեղինակը։

Անդրադառնալով մուրալի տեղի ընտրությանը՝ Խաչատրյանը շեշտում է՝ ընտրությունը հենց այնպես չի արվել։ Կարծում է՝ մշակութային օջախները պետք է  տարբերվեն այլ ճարտարապետական շինություններից. վառ օրինակներից Է Գեղարվեստի պետական ակադեմիան. մի քանի տարի առաջ Դավիթ Խաչատրյանի նախաձեռնությամբ բուհի պատին տեղ գտավ «Մուտք դեպի արվեստ» մուրալը, որը նոր շունչ հաղորդեց մշակութային նշանակություն ունեցող շենքին։

«Վստահաբար Անահիտ աստվածուհու մուրալը ևս կարժանանա մեր քաղաքի բնակիչների և հյուրերի ուշադրությանը, իսկ ուսանողներին հաճելի կլինի սովորել բուհում, որի պատին միջազգային ճանաչում ունեցող տաղանդավոր նկարչի աշխատանք է պատկերված»,-ընդգծում է նա։

Խաչատրյանը մշտապես համագործակցել է Երևանի քաղաքապետարանի հետ։ Նրա խոսքով՝ մուրալ արվեստը քաղաքային նկարչության խոշորագույն ուղղություններից է, որի շահառուն քաղաքի տեղական իշխանություններն են։ Նոր մուրալի պարագայում համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ Նախարարության հետ համագործակցությամբ արդեն ստեղծվել է  Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված «Ընդվզում» մուրալը։  

Դավիթ Խաչատրյանն ու Մինաս Հալաջյանն ուրախ են, որ Անահիտ աստվածուհուն նվիրված նախագծի իրականացման գործում իրենց աջակցում է ամերիկաբնակ գործարար, բարերար Կարեն Հարությունյանը, որին շնորհակալ են։ Հույս ունեն մուրալի բացումն իրականացնել հոկտեմբեր ամսին։ Հոկտեմբերին է նշվում նաև Երևան քաղաքի տոնը։ Կարծում են՝ մուրալը հրաշալի նվեր կլինի քաղաքամայր Երևանին։

Նկարները՝ Մինաս Հալաջյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում