3 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական գյուղում տրվել է առաջին օգնության դասընթացների մեկնարկը, որը կազմակերպվում և իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և «Հայաստանյան խաղաղության նախաձեռնություն» ֆրանսիական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Վարդենիս համայնքի Կուտական սահմանամերձ բնակավայրում ներկա են եղել առաջին օգնության դասընթացների բացման արարողությանը, որին մասնակցել են նաև Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը, Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանը, մարզի առողջապահության, կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցականներ, բնակիչներ։
Դասընթացները նախատեսվում է անցկացնել մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը՝ մարզում նման կարգավիճակ ունեցող 30 բնակավայրի բնակիչների մասնակցությամբ։
Յուրաքանչյուր բնակավայրում անցկացվող երկօրյա դասընթացների ընթացքում տեղի բնակիչները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ, իսկ ավարտին յուրաքանչյուր մասնակից կապահովվի առաջին օգնության պարագաների անհատական տուփով։ Առաջին օգնության պարագաների մեկական մեծ տուփեր էլ կտրամադրվի տվյալ բնակավայրի դպրոցին, համայնքապետարանին և բուժկետին։
Միջոցառման ընթացքում դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է սահմանային բնակավայրերին ցուցաբերվող աջակցությունը, և եթե ֆրանսիական կողմը իրականացնում է նման ծրագեր, ապա դա նշանակում է, որ բարձր է գնահատում կողմերի միջև առկա համագործակցության մակարդակը։
«Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը շատ ընդգրկուն է․ սկսած զբոսաշրջության զարգացումից, ֆրանսերեն լեզվի ուսուցումից մինչև առողջապահական հիմնարկների վերանորոգում, սարքավորումներով վերազինում։ Բարի ընթացք եմ մաղթում այս ծրագրին և փաստում, որ հայ ժողովուրդը ֆրանսիական կողմի հետ ունի խորը և բաեկամական ամուր հիմքեր։ Ֆրանսիան մեր կողքին էր նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում»,-նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։